Տեղի ունեցավ Ալեքսանդր Ցվերիանովի գործով բողոքի քննությունը
17:47, June 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հունիսի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Մկրտչյանի, քննության առնվեց ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Վ. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թ. մարտի 31-ի որոշման դեմ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքը: Սույն գործի շրջանակներում Ա. Սաքունցը հանդիսանում է տուժող Ալեքսանդր Ցվերիանովի ներկայացուցիչը, ով իր նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կիրառված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ազդեցությամբ, տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ՝ ընդունելով մի շարք գողություններ կատարելու փաստը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցը և վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը: Դատարանի կազմը ներկայացնելուց և բացարկի միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո դատարանն անցավ բողոքի քննությանը: Բողոքաբեր Ա. Սաքունցը նշեց, որ ՀՀ ՀՔԾ-ից ստացել է կարճված քրեական գործի նյութերը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկզբնական դիմումն առկա է դատական գործի նյութերում, ներկայացրեց գործի նյութերին ծանոթանալու արդյունքում կատարված լրացումները: Տուժողի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ նախաքննության ընթացքում գործի համար կարևոր նշանակություն ունեցող որոշ հարցեր այդպես էլ մնացել են չբացահայտված:
Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ա. Ցվերիանովին բերման ենթարկելու ժամի, գործով ներգրավված կեղծ ընթերակաների, սահմանված կարգի խախտմամբ թարգմանիչներ ներգրավվելու, Ա. Ցվերիանովին բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության և մի շարք այլ հանգամանքների բացահայտմանը: Դիմումի լրացումները մանրամասն այստեղ:
Հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները՝ Ա. Սաքունցը խնդրեց պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել տուժող Ա. Ցվերիանովի իրավունքների և ազատությունների խախտումը:
Բողոքի քննության ընթացքում պարզվեց, որ քննիչ Վ. Ավետիսյանը կարճված քրեական գործի նյութերը դատարան չէր ներկայացրել: Հաշվի առնելով նշվածը՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել մեկ այլ հերթի՝ պարտավորեցնելով վարույթն իրականացրած մարմնին դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը:
Բողոքի քննության շրջանակներում հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. հունիսի 26-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014 թ. մայիսի 30-ին կայացրել էր արդարացման դատավճիռ, որով Ա. Ցվերիանովին մեղսագրվող արարքներում ճանաչել և հռչակել էր վերջինիս անմեղությունը: