Դիահերձման արդյունքը հիմք է տալիս ասելու, որ «Արմավիր» ՔԿՀ-ում լուրջ բռնություն է եղել 21-ամյա տղայի նկատմամբ. Սաքունց
10:35, January 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՀունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած 21 տարեկան Անզոր Կարապետյանի մահվան հարցով դատաբժշկական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բայց դիահերձմանը մասնակցած հարազատների ներկայացված պատկերը հիմք է տալիս եզրակացնելու, որ լուրջ բռնություն է եղել Անզոր Կարապետյանի նկատմամբ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նշենք, որ Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Ըստ նրանց՝ 21-ամյա երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:
«Դեռևս ծանոթ չենք դատաբժշկական եզրակացությանը, բայց այն, ինչ իրենք նկարագրում են, որը մենք դեռ չենք հրապարակել՝ վնասվածքների բնույթը և այլն, այդ եղած պատկերը լուրջ հիմք է տալիս եզրակացնելու, որ բռնություն է կիրառվել»,- ասաց նա:
Սաքունցը նշեց, որ մահվան փաստով հարուցված քրեական գործից հետո հաջորդ քայլը Անզոր Կարապետյանի հարազատներից մեկը որպես իրավահաջորդ պետք է ներգրավվի, իսկ իրենց կներգրավեն որպես տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ և, բնականաբար, կմասնակցենք քննչական գործողություններին և կհետևենք գործին:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ 110 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Արթուր Սաքունցը նկատեց, թե փաստ է, որ նորակառույց շենքում մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ մահվան դեպքն է: «Սա արդեն կասկածելի փաստ է և պետք է իրավական մարմինները պատշաճ քննություն կատարեն և պարզեն հանգամանքները»,- ասաց նա: