Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
13:29, February 11, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն Քյուփելյան2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Մ.Մելքոնյանի, տեղի ունեցավ տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև վարույթն իրականացրած Աշոտ Օհանյանը:
Դատարանը կողմերի ինքնությունը և բացարկի միջնորդությունների բացակայությունը պարզելուց հետո ճշտեց, թե ինչու վարույթն իրականացրած մարմինը դատարան չի ներկայացրել գործի նյութերը: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանն ի պատասխան հայտնեց, որ հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Հ. Մ.-ին առաջադրված մեղադրանքով կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվել է դատարան, դատարան են ուղարկել նաև քրեական գործի նախաքննության նյութերը, որի պատճառով դրանք հնարավոր չէ ներկայացնել դատարան:
Դատարանը պարտավորեցրեց Ա. Օհանյանին ներկայացնել քրեական գործի նյութերը՝ նշելով, որ այդպիսի պարտականություն կրում է վարույթն իրականացրած մարմինը:
Այսպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Կ.Քյուփելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը նախ ընդունվել էր դատավոր Ա. Խաչատրյանի վարույթ, ով հետագայում տեղափոխվել էր մեկ այլ դատարան: Բողոքի քննության ընթացքում կայացած դատական նիստին դատավոր Ա. Խաչատրյանը պարտավորեցրել էր վարույթն իրականացրած մարմնին ներկայացնել նախաքննության նյութերը, որոնք չէին ներկայացվել դատարան միևնույն պատճառաբանությամբ: