Կ. Քյուփելյանի գործով ներկայացված բողոքը մերժվեց
12:56, March 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն Քյուփելյան2016 թ. մարտի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև վարույթն իրականացրած քննիչ Աշոտ Օհանյանը:
Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց բողոքի հիմնավորումները: Նա նշեց, որ Կ. Քյուփելյանը 2007 թ. նոյեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Էդուարդ Նանյանի, Հրանտ Մազմանյանի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել է 19:00-ի սահմաններում և շուրջ մեկ օր ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահվելուց հետո ազատ է արձակվել 2007 թ. նոյեմբերի 2-ին 17:00-ի սահմաններում: Տ. Սիրադեղյանը նշեց, որ նախաքննության շրջանակներում կայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ տուժողի հայտնած տվյալները կարող են կրել շահագրգիռ բնույթ, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինն այդ մասին իր կողմից կայացված դատավարական որոշմամբ ընդամենը ներկայացրել է իր ենթադրյալ հետևությունը՝ չներկայացնելով այդ ենթադրության որևէ հիմնավորում: Բացի դրանից՝ Կ. Քյուփելյանը վարույթն իրականացրած քննիչի որոշմամբ գործով ներգրավվել է որպես տուժող՝ հանցագործությամբ բարոյական վնաս պատճառվելու հիմքով: Ավելին, Տ. Սիրադեղյանը նշեց նաև, որ քրեական գործ հարուցվելու պահից վարույթն իրականացնող մարմնին հայտնի էին Կ. Քյուփելյանին տուժող ճանաչելու հիմքերը, չնայած դրան, Կ. Քյուփելյանը տուժող է ճանաչվել միայն քրեական գործ հարուցվելուց 2,5 ամիս անց:
Բացի դրանից՝ տուժողի ներկայացուցիչը նշեց նաև, որ Կ. Քյուփելյանն ինչպես որպես վկա, այնպես էլ որպես տուժող ցուցմունք տալու ժամանակ նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին: Տ. Սիրադեղյանն անհիմն համարեց նաև վարույթն իրականացնող մարմնի՝ գործով այլ ապացույցներ ձեռք բերելու սպառման մասին հետևությունը, նշելով, որ ըստ գործով հարցաքննված անձանց ցուցմունքների, դեպքի մասին տեղեկությունների տիրապետել են նաև այլ անձինք, ինչպես նաև համապատասխան վարչության աշխատակիցները: Տ. Սիրադեղյանը նշեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել, թե արդյոք Է. Նանյանը և Տ. Աղաջանյանն իրենց ծառայողական պարտականություններից բխող լիազորությունների շրջանակներում պետք է տեղակացվեին բերման ենթարկված անձի ազատ արձակվելու կամ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում գտնվելու մասին:
Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թ. հոկտեմբերի 19-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Բողոքի վերաբերյալ իր պատասխան դիրքորոշումը հայտնեց վարույթն իրականացրած Ա. Օհանյանը: Մասնավորապես, վերջինս նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԱԾ աշխատակից Հ. Մազմանյանին, որը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել Կ. Քյուփելյանին շուրջ մեկ օր ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահելու համար: Նշեց, որ տուժողի՝ գործով որպես շահագրգիռ անձ հանդիսանալու վերաբերյալ որոշմամբ ներկայացվել են բավականաչափ հիմնավորումներ՝ հավելելով, որ մի դեպքում անձի ցուցմունքները բավարար են համարվել մեղադրանք առաջադրելու համար, մի դեպքում՝ ոչ: Նշեց, որ տուժողն իր ցուցմունքում հայտնել է, որ իր մատնանշած անձինք ՀՀ ԱԱԾ վարչական շենքում իրեն պահելու հրամանը կամ հրահանգը տալու ժամանակ ներկա չեն եղել, իսկ մյուս աշխատակիցներին հարցաքննելու անհրաժեշտության բացակայությունը հիմնավորեց նրանով, որ տուժողը պահվել է մեկ սենյակում, որտեղ ներկա է գտնվել միայն Հ. Մազմանյանը: Այդպիսով, վարույթն իրականացրած մարմինը խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշեց, որ մի բան է արձանագրել իրավունքի սահմանափակումը, մեկ այլ բան է արձանագրել, որ այդ սահմանափակումը կատարվել է մի քանի պաշտոնատար անձանց կողմից, հավելելով, որ այդպիսով փորձ է կատարվել կոծկել հանցագործությունը:
Ա. Սաքունցը նշեց, որ Կ. Քյուփելյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ էր վերջինիս տուժող ճանաչել քրեական գործ հարուցելու սկզբից, քանզի վկայի և տուժողի դատավարական կարգավիճակից բխում է իրավունքների տարբեր ծավալ: Ա. Սաքունցը հավելեց, որ Կ. Քյուփելյանը տուժող է ճանաչվել 2015 թ. հոկտեմբերի 2-ին, ներկայացուցիչները ներգրավվել են 2015 թ. հոկտեմբերի 9-ին, իսկ գործով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվել է 2015 թ. հոկտեմբերի 19-ին:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Տ. Սիրադեղյանը, որը նշեց, որ նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է Հ. Մազմանյանի կողմից Կ. Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ոչ թե մեկ օր, այլ մեկ գիշեր պահելու փաստը, քանզի վերջինս, առավոտյան 9:00-ի սահմաններոմ հանձնելով հերթապահությունը, հեռացել է, մինչդեռ Կ. Քյուփելյանը շարունակել է մնալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում:
Բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև տուժող Կ. Քյուփելյանը՝ նշելով, որ ինչպես ՀՀ ԱԱԾ վարչական շենք մուտք գործելիս, այնպես էլ դուրս գալիս համապատասխան արձանագրում չի կատարվել, նշեց, որ չնայած իր կողմից պահպանվել են գույքի ներկրման բոլոր պահանջները և կատարվել է համապատասխան փաստաթղթավորում, սակայն նրան բերման են ենթարկել մաքսանենգության համար:
Վարույթն իրականացնող մարմինն անհիմն համարեց բողոքաբերների ներկայացուցիչների հիմնավորումները, նշելով, որ տուժող ճանաչելուց և ներկայացուցիչների ներգրավվումից հետո տուժող կողմը միջնորդություններ չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Դատարանն անցավ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի և վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերի հետազոտմանը, որից հետո, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Կ. Քյուփելյանի և նրա ներկայացուցչի կողմից բերված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը:
Տես նաև՝ hcav.am