Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասնչորսերորդ դատական նիստի մասին
14:59, April 20, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի ապրիլի 15-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնչորսերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստին նախատեսված էր հարցաքննել ամբաստանյալ Վ. Պերմյակովին: Վերջինս, ինչպես և կանխատեսվում էր, հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պատասխանելով իր փաստաբանի մի քանի հարցերին դրա վերաբերյալ:
Փաստաբանի հարցին, թե արդյոք կա որևէ խոչընդոտ կամ արգելք, որը կաշկանդում է Վ. Պերմյակովին ցուցմունք տալ, վերջինս հրաժարվեց պատասխանել:
Ավետիսյանների բնակարան մտնելու նպատակի և սպանությունների իրականացման վերաբերյալ հարցադրումներին ևս ամբաստանյալը պատասխան չտվեց:
Մինչ նախաքննական ցուցմունքի հրապարակումը՝ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Վ. Պերմյակովի՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը անօրինական համարելու վերաբերյալ, քանի որ հարցաքննությունն իրականցվել է ռուս քննիչների կողմից հայ փաստաբանի մասնակցությամբ, ինչն անօրինական է: Դատարանը միջնորդությունը կքննարկի հաջորդ դատական նիստին:
Այնուհետև հրապարակվեց Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը:
Հրապարակված նախաքննական ցուցմունքում Վ. Պերմյակովը նշել է, որ Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահականության սկզբունքով, ուղղորդում չի եղել: Զորամասը լքելու պատճառը տան կարոտն է եղել, քաղաքում թափառելով՝ բաց դարպաս է նկատել և մուտք գործելով բնակարան՝ փորձել է հագուստ և գումար ձեռք բերել՝ Չիտա մեկնելու նպատակով:
Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի՝ սպանությունները կատարել է՝ վախենալով, որ ոստիկանություն կկանչեն: Վ. Պերմյակովը հայտնել է նաև, որ բնակարաններ ապօրինի մուտք գործելու փորձ նախկինում էլ է ունեցել:
Նախաքննական ցուցմունքից պարզ է դառնում, որ ծառայության ընթացքում Վ. Պերմյակովը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, որի համար բուժում է ստացել հոգեբույժի մոտ:
Քննիչի հարցին, թե արդյոք ատելություն ունի հայ ազգի նկատմամբ, Վ. Պերմյակովը բացասական պատասխան է տվել:
Հաջորդ դատական նիստին կշարունակվի Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքերի հրապարակումը:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին: