«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով նոր քննչական գործողություններ կիրականացվեն
16:42, October 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի մահվանից ինը ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ վերջինիս անհատական հոգեբանական առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության:
Փորձագետը հավելել է, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում, միաժամանակ՝ կարծիք հայտնել, որ վերջինս հավանաբար լարված վիճակում է եղել:
Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը վերոնշյալ եզրակացությանը ծանոթանալուց հետո, հաշվի առնելով փորձագիտական եզրակացությամբ մատնանշված հանգամանքները, լրացուցիչ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ պարզելու համար պարզելու, թե քրեակատարողական հիմնարկում ինչպիսի միջոցառումներ են իրականացվել Անզոր Կարապետյանի անվտանգության ապահովման, կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ տարվել են վերջինիս հետ, թե՝ ոչ:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունից 2016 թ. սեպտեմբերի 29-ի պատասխան գրությամբ հայտնել են, որ 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է և վերոնշյալ միջնորդությունը դարձել է քննության առարկա: