ՔԿՀ աշխատակիցների կողմից կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու ուղղությամբ Հատուկ քննչական ծառայությունը քննություն չի իրականացրել
14:51, December 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել Հրաչյա Գևորգյանի իրավունքների պաշտպանությամբ
«www.newsline.am» լրատվական կայքում հրապարակված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կրկին բռնության է ենթարկվել կալանավոր Հրաչյա Գևորգյանը» հրապարակման հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն ստանձնել է վերջինիս իրավունքների պաշտպանությունը, 2016 թ. դեկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն է հրավիրել Հրաչյա Գևորգյանի նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքին, որի պատճառը, կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների մասին ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է:
Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորին բռնության ենթարկելու վերաբերյալ դիմումը քրեակատարողական վարչության պետի քննարկումից վերցնելու և Հատուկ քննչական ծառայության վարույթ հանձնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. դեկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանը կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջնորդությունը նախ կոմունիկացվել էր Դատարանի կողմից, ապա ՀՀ Կառավարության պատասխաններն ստանալուց հետո ՄԻԵԴ-ը մերժել էր այն:
Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով: