«Եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն». Դատապարտյալն ահազանգում է սպառնալիքների մասին, Քրեակատարողական վարչությունը՝ հերքում
10:11, August 1, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2017 թ. հունիսի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է զանգահարել «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել, որ ՔԿՀ ղեկավարությունը 11 աշխատակիցների միջոցով սպառնացել է իրեն: «Փոխանցում են պետի բառերը. եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն». հեռախոսազանգի միջոցով հայտնել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերն արձանագրել են ՔԿՀ աշխատակիցների այցն իր խուց:
Տեղի ունեցածի ուղղությամբ ծառայողական քննություն իրականցնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգն ստանալու հաջորդ օրն իսկ գրությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը գրությանն արձագանքել է ավելի քան 1 ամիս անց և 2017 թ. հուլիսի 25-ի գրությամբ հայտնել, որ դատապարտյալի հետ ՔԿՀ աշխատակիցների հանդիպումը պայմանավորված է եղել նրա դրսևորած վարքագծով: Համաձայն Քրեակատրողական վարչության պատասխանի՝ Ա. Շամիրյանը հրաժարվել է զբոսանքից հետո վերադառնալ խուց, ինչից հետո դատապարտյալի ընդունելություն է կազմակերպվել և «բացատրվել է, որ քրեակատարողական ծառայողների պահանջները չկատարելու և խուց չվերադառնալու դեպքում արարքը կարող է դիտվել որպես ներքին կանոնակարգի պահանջների խախտում, որի արդյունքում կարող է ենթարկվել կարգապահական տույժի»:
Դրանից հետո, համաձայն Քրեակատարողական վարչության պատասխանի, դատապարտյալը ցանկություն է հայտնել խուց վերադառնալ և «քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է խուց»:
Թե ինչ է տեղի ունեցել խուց ուղեկցելուց հետո, Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը չի մանրամասնել: Սրանով անուղղակի կերպով հերքել է դատապարտյալ Ա. Շամիրյանին սպառնալու հանգամանքը, բայց և չի անդրադարձել նրա նկարագրած դեպքին: