Որոշեցին կծիկը չքանդել
11:29, May 28, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան, Քրեակատարողական հիմնարկներՀատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանին պաշտոնից ազատելու հիմնական շարժառիթը, ինչպես ակնհայտ դարձավ մամուլի հրապարակումներից, եղել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունը, որն ունեցել է մի շարք մութ կետեր: Միրզոյանի պաշտոնանկությունից մի քանի օր հետո` մայիսի 8-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածեց հայտարարությունը` հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին:
Գրասենյակը պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ս. Աղաբեկյանի նկատմամբ:
«ՀՔԾ նախկին պետը կազմակերպված հանցագործության շղթայի միայն մեկ օղակն է: Սխալ է միայն Միրզոյանին քավության նոխազ սարքելը: Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, նրան ինքնասպանության հասցնելու համար պետք է պատժվեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ», մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Քրեական գործը՝ ապօրինի՞
1993 թվականին ծնված, Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանը 2011-ի հունիսին զինվորական ծառայության է մեկնել Մարտակերտ: 20-րդ օրը հայրը պատրաստվել է մասնակցել որդու երդման արարողությանը, սակայն նրան զանգահարել են ու տեղեկացրել, որ որդին հիվանդանոցում պառկած է: Պարզվել է` տղան կտրել է երակները: Հայրը որդուն գտել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի (Կանազի հոսպիտալ) հոսպիտալի հոգեբուժական բաժնում: Մեկ ամիս բժշկական օգնություն ցույց տալուց հետո բժիշկը Հայկին եզրակացություն է տրվել` համաձայն որի նա պիտանի չէ զինվորական ծառայության համար, քանի որ հիվանդ է, հայտնաբերվել է օրգանական փսիխոպաթոնման խանգարում, «դեզադապտացիոն դեկոմպենսացիա սուիցիդի» փորձով: Ավելի ուշ պարզվել է, որ 2011 թ. հունիսի 27-ին Հայկը փախել է զորամասից: Նրան բռնել-բերել են զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննես Սաղաթելյանի մոտ, ով փորձել է պարզել Հայկի զորամասը լքելու պատճառը: Հենց հրամանատարի աշխատասենյակում Հայկը գրպանում եղած սափրվելու սայրով սկսել է վնասել իրեն, ինչի պատճառով նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Երևանի կայազորի (Կանազի հոսպիտալ) հոսպիտալի հոգեբուժական բաժին: Մեկ ամիս անց, երբ Հայկին հոսպիտալից տանում են տուն, սկսում է նրանց տուն այցելել ղարաբաղցի ոմն քննիչ Ադամյան: «Գալիս-ասում էր, թե չի հավատում, որ Հայկը հիվանդ է: Մի անգամ էլ ասաց` Հայկին պետք է տանենք մեկ այլ հանձնաժողովում ստուգվելու», պատմեց Հայկի հայրը` միաժամանակ նշելով, որ այդպես էլ իր համար անհասկանալի է մնացել, թե որտեղից է եկել այդ քննիչը, ինչու է հետաքրքրվել Հայկով: Արտավազդ Մովսիսյանը տղայի հետ գնում է քննիչի ասած Ֆրանգուլյան ազգանունով բժշկի մոտ: «Ֆրանգուլյանն առաջին բժշկի եզրակացությունը նայեց, քմծիծաղ տվեց ու հեռացավ: Ոչ բժիշկը, ոչ քննիչը Հայկի ստուգմանը ներկա չէին: Բուժքույրն էր հարցեր տալիս, այն էլ` շատ ծիծաղելի հարցեր: Հարցնում էր` ականջներդ ձայն լսո՞ւմ են, գլխի վրա ընկե՞լ ես», պատմում է Արտավազդ Մովսիսյանը: Այնպիսի տպավորություն էր, թե քննիչն ու Ֆրանգուլյանն ուզում են փող աշխատելե: Այս տարօրինակ ստուգումից հետո նրանց ասում են, որ ամեն ինչ կագին է:
Քանի որ Հայկն այդ ժամանակ արդեն ազատված է լինում զինվորական ծառայությունից և ստացած է լինում զինգրքույկը` պաշտպանության նախարարի ստորագրությամբ, այդ պատճառով մեկնում է մոր մոտ Ռուսաստան` բուժվելու: Որոշ ժամանակ անց ԼՂՀ դատարանից զանգահարում են Արտավազդ Մովսիսյանին ու ասում, որ Հայկը պետք է ներկայանա դատարան, հակառակ դեպքում նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Այս մասին հայրը տեղեկացնում է Հայկին, որպեսզի նա վերադառնա ու պարզեն, թե ի վերջո իրականում ինչ է տեղի ունենում: Հայկի վերադառնալուն պես, հենց «Զվարթնոց» օդանավակայանում նրան բերման են ենթարկում ու տեղափոխում Նուբարաշենի ՔԿՀ` չնայած այն հանգամանքին, որ քննիչին տեղեկացնում են, որ երիտասարդը ոչ թե խաբել է, այլ իրավունք է ունեցել գնալու, քանի որ զինգրքույկ է ունեցել: Ավելի ուշ Մովսիսյանին տանում են ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամաս, սակայն շուտով նրան ձերբակալում են դասալքության համար և տեղափոխում Շուշիի ՔԿՀ:
Հայկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` իբր նա խուսափում է ծառայությունից: 2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել և Հայկ Մովսիսյանին երեք տարվա ազատազրկման դատապարտել: Հայկի փաստաբան Հովհաննես Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բժշկական առաջին եզրակացությունը` համաձայն որի Հայկը պիտանի չէ զինվորական ծառայության համար, ոչ ոք չի փոխել: Դատախազությունը կարծել է, թե նա հոգեկան հիվանդության մասին տրված թուղթը գումարով են ձեռք բերել, դատախազն էլ ցանկացել է իր բաժինն ստանալ…»: Փաստաբանի խոսքով` ինքը դատավարության ընթացքում անընդհատ փորձել է ապացուցել, որ Հայկը հանցագործ չէ, որ նա ազատված է եղել ծառայությունից, որ նրան անտեղի բռնել-բերել են և անտեղի դատում են. «Դատավոր Սերգեյ Աղաբեկյանն ինձ բանի տեղ չէր դնում, ընդհանրապես` դատարանում օրինականություն չկար: Փաստաբանը եղած-չեղած` իրենց համար միևնույն էր: Խորամուխ չլինելով գործի հանգամանքներում` դատավորը նման վճիռ կայացրեց: Դատախազն ինչ թելադրեց` դատավորն այդպես էլ արեց», նշեց փաստաբանը: Նրա և Հայկի հոր` Արտավազդ Մովսիսյանի խոսքերով` իրենք ցանկացել են վճիռը բողոքարկել: Սակայն նոյեմբերի 28-ին ծնողներին հայտնել են գույժը` Հայկը սավանով կախվել է Շուշիի ՔԿՀ-ում: Այս գործից հետո դատավոր Աղաբեկյանին լիազորություններից ազատել են:
Փորձում են ապօրինությունը կոծկել
«Դատավոր Աղաբեկյանին լիազորություններից ազատելը հանցագործության հետքերը թաքցնելու միջոց է: Եթե նրա նկատմամբ քրեական գործ հարուցեին` նա կսկսեր խոսել, ուստի լավագույն տարբերակն աշխատանքից հեռացնելն էր», մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով` եղել է Արդարադատության խորհրդի որոշում` համաձայն որի Աղաբեկյանին լիազորություններից ազատել են առողջական խնդիրների պատճառով: «Ինքս անձամբ ներկա եմ եղել դատական բոլոր նիստերին: Աղաբեկյանը երբևէ չի գանգատվել ոչ գլխացավից, ոչ տեսողությունից, ոչ լսողությունից, ոչ տարօրինակ վարքագծից»,պատմում է Սաքունցը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ դատավորին հատուկ նպատակով են լիազորություններից ազատել: Ըստ նրա` տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ու դրանց համար պետք է պատասխան տան ոչ թե մեկ-երկուսը, այլ մի քանիսը: «Չնայած Հայկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչել` նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: Այնուհետև քրեական գործ է հարուցվել` իբր նա խուսափել է զինվորական ծառայությունից և դատական վճռով մեղավոր են ճանաչել: Մեկ մարդու հետ կապված այս բազմաթիվ խախտումներն իրականացնող մարմիններին վերահսկում է զինդատախազությունը: Պատշաճ հսկողություն իրականացնելու պարագայում այդ ամենը տեղի չէր ունենա»: Հարցին, թե հստա՞կ է այն տեղեկությունը` համաձայն որի ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատել են հենց այս քրեական գործի ապօրինության համար, Սաքունցը պատասխանեց. «Եթե հանրությանը չեն ներկայանում ՀՔԾ պետին ազատելու պաշտոնական հիմնավորումը, ուրեմն ես իրավունք ունեմ ունենալ իմ վարկածները: Ես հիմնավոր եմ համարում այն կասկածները, որ ազատումը կապված է հենց այս գործի հետ: Պաշտոնատար մի խումբ անձանց կողմից հանցագործություններ են կատարվել, և ՀՔԾ պետը չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները»: Սաքունցի խոսքով` նույնիսկ փորձ են արել թաքցնել դատարանի` Հայկ Մովսիսյանի վերաբերյալ որոշումը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը տեղադրված չի եղել «Դատալեքս» կայքում: Իրենց պահանջից հետո է միայն որոշումը տեղադրվել:
Օրերս ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ արդարացրել է Հայկ Մովսիսյանին: Նա անմեղ է ճանաչվել… հետմահու:
Հ. Գ. Թեև հայաստանյան ամբողջ մամուլը ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու փաստը միանգամից կապեց Հայկ Մովսիսյանի գործի հետ՝ ՀՀ նախագահը խորամուխ չեղավ և չմանրամասնեց քրեական գործի հանգամանքները: «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում», հայտարարել է նախագահը:
Հանրությանը հայտնի չդարձան նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանին աշխատանքից ազատելու պատճառները:
Հերթական անգամ չարը «պատժվեց», բայց քանի որ այդպես էլ պաշտոնապես հստակ չներկայացվեցին ոչ նրանց մեղքը, ոչ ազատման դրդապատճառները, այլ հնչեց հերթական «հերթապահ» պատճառաբանությունը՝ միանգամայն հավանական է, որ միրզոյաններին ու աղաբեկյաններին առաջիկայում կտեսնենք այլ պաշտոններում: Ինչպես ցույց է տալիս փորձը` իշխանությունն իր «տաշած քարերին» գետնին չի թողնում…
Աղբյուրը՝ http://www.sobesednik.am/am/social/4044-2013-05-24-19-17-14