«ԱՇԽԱՐՀԸ ԿՔԱՆԴՎԻ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽԱՆԱ»
00:00, July 5, 2006«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
– Դուք գո՞հ եք երեկ ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւից:
– Այո, որովհետեւ այն պատգամավորները, որոնք ելույթ ունեցան, բոլորը պաշտպանեցին Ադրբեջանին եւ չտեսնել այն զարգացումը, որ կա մեր երկրում անհնար է:
Իհարկե, կան նաեւ քննադատության արժանի պահեր, բայց զարգացող երկրում խնդիրներ կլինեն, քանի որ այնտեղ են վերջանում խնդիրները, որտեղ ավարտվում է կյանքը: Այն, որ այդպես միաձայն պաշտպանեցին մեզ, նշանակում է, որ մեր դիրքորոշումն այստեղ ուժեղ է:
– ԵԽԽՎ նախագահը հայտնեց, որ Ադրբեջանում եւ Հայաստանում մոնիտորինգը կդադարեցվի միայն ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում: Ե՞րբ է հնարավոր խնդրի լուծումը:
– Ինչքան արագ, այնքան լավ: Ինչքան շուտ լուծվի խնդիրը հօգուտ Հարավային Կովկասի ժողովուրդների, այնքան լավ: Բայց տեսնո՞ւմ եք, չի լինում: Մեկ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես ուզում ենք: Մեկ էլ խնդիրներ են առաջանում, օրինակ` վերջինը սաստիկ հրդեհները:
– Դուք պնդո՞ւմ եք, որ հայկական կողմն այդ միտումնավոր է անում:
– Իհարկե, մենք նկարահանումներ ենք արել տիեզերքից, Ադրբեջանը հիմա ունի բոլոր հնարավորությունները:
– Բայց ինչո՞ւ պետք է հայկական կողմը հրդեհի իր զբաղեցրած տարածքը:
– Պատճառները շատ են, օրինակ, որպեսզի մենք այլեւս չդիմանանք: Չէ՞ որ հիմա հրադադար է, իսկ դա ամենամեծ նվաճումն է, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Չէ՞ որ սրան մենք հասել ենք առանց ուրիշների օգնության:
– Հայաստանի եւ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ:
– Ոչ, պայմանավորվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր: Ըստ իս, հայկական կողմը ստիպում է Ադրբեջանին խախտել հրադադարը եւ հետո ասել` տես ինչ են անում: Քանզի ադրբեջանական կողմը չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է այրվում հողը:
Գուցե ուրիշ պատճառներ կան, բայց ցանկացած պարագայում սա սարսափելի է: Իսկ ընդհանրապես, խնդիրը միայն այստեղ չէ, որովհետեւ միջազգային հանրությունը վաղուց տեղեկացված է, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են:
– Եթե այսքան ժամանակ արդյունք չկա, գուցե՞ պետք է փոխել բանակցությունների ձեւաչափը:
– Էլի չի լինի, քանի Հայաստանը կարծում է, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ կամ Հայաստանի մաս, ինչը Ադրբեջանն ու աշխարհն անհնար է, որ ընդունեն, քանի որ դրանից աշխարհը կքանդվի, եթե ընդունվի միջազգային օրենքի այդպիսի խախտում:
Իսկ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը որ կա, եւս երկար չի կարող շարունակվել: Տեսնո՞ւմ եք, ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ անում է, ոչինչ չի ստացվում: Քանի դեռ Հայաստանը չի որոշել ազատել օկուպացված տարածքները, առաջընթաց բանակցություններում չի լինի:
– Օկուպացված տարածքներ ասելով` ո՞ր շրջանները նկատի ունեք:
– Նկատի ունեմ եւ Ղարաբաղը, եւ նրան հարակից յոթ շրջանները: Բայց առաջին փուլում պետք է ազատել յոթ շրջանները, որից հետո եկեք նստենք սեղանի շուրջ եւ խոսենք ԼՂ-ի կարգավիճակի մասին: Հենց սա այն հարցն է, որ Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ վաղուցվանից քննարկվում է: Սա փուլային տարբերակն է եւ սրան համաձայն են մեր հայ գործընկերները:
– Եթե փոխզիջում է, ի՞նչ է դրա դիմաց ստանում Հայաստանը:
– ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանը պարտավորվել է այս հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Սա իսկապես փոխզիջում է մեր կողմից: Այն, որ մենք բանակցում ենք, հենց ամենամեծ փոխզիջումն է:
– Այդ դեպքում Հայաստանն էլ է փոխզիջում արել` ԵԽ-ին անդամակցելիս նույնը պարտավորվելով: Այդ դեպքում ի՞նչ կասեք:
– Ճիշտ է, Հայաստանն էլ կարող է նույնը ասել, բայց եկեք նայենք` ով ում է օկուպացրել: Մենք Հայաստանի ոչ մի քառակուսի մետրն էլ չենք ուզում, բայց մեզ օկուպացրել եք, ասում եք, եկեք գնանք փոխզիջման: Սա լուրջ չէ: Դրա համար էլ այսքան տարի չի գտնվում լուծումը, եւ այստեղ պետք է միջազգային հանրությունը եւս մեկ անգամ ընդունի, թե ինչ է տեղի ունեցել:
Զրուցեց Կարինե Ասատրյանը
Ստրասբուրգ –
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=40465