«Ա1+»-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները
00:00, December 16, 2010 | ՀայտարարություններՀենց նոր ավարտվեց «Ա1 +» հեռուստաընկերությանն աջակցող «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը:
Խորհուրդը ընդունել է հետեւյալ հայտարարությունը.
«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար և թափանցիկ մրցույթներ` արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով «Ա1 +» հեռուստաընկերությանը:
Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված:
Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը:
«Ա1+»-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ Հոգաբարձուների խորհուրդը իր խորը հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից:
Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+») գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:
Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը` «Ժողովրդական հեռուստատեսություն” ստեղծելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2010/12/16/trust