«ԳԱԼԱ»-Ի ԴԱՏԸ ՍԿՍՎԵՑ
00:00, December 11, 2007 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում` դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ, սկսվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած հայցի քննարկումը:
Գյումրիի քաղաքապետարանը դատարանից պահանջում է, որպեսզի վերջինս «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտադրի ազատել Գյումրիի Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը: Վիճարկվող հեռուստաաշտարակը «ԱԼԱ»-ն օգտագործում է շուրջ երեք տարի: Մինչ այդ աշտարակը գտնվել է անմխիթար եւ վթարային վիճակում, քանի որ ոչ մեկի կողմից այն չի օգտագործվել եւ գործնականում անտեր մետաղի թափոն է եղել: Բայց «ԳԱԼԱ»-ն վերանորոգել է այն, կահավորել անհրաժեշտ սարքավորումներով եւ սկսել շահագործել որպես հեռուստաաշտարակ: Այդ աշտարակի տիրոջը պարզելու նախկին տարիներին ձեռնարկված բոլոր փորձերը անցել են ապարդյուն: Բայց այն բանից հետո, երբ այս տարվա սեպտեմբերի 21-ին «ԳԱԼԱ»-ն հեռարձակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, հեռուստաընկերությունը հայտնվել է իշխանական տարբեր մարմինների հետաքրքրության կենտրոնում: Իսկ այս տարվա նոյեմբերի առաջին կեսին հայտնի է դարձել, որ Գյումրիի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի համար սեփականության իրավունք է ձեռք բերել, որը նրան տրվել է Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանի վճռի հիման վրա: Այն բանից հետո էլ, երբ Գյումրիի քաղաքապետարանն օպերատիվ կերպով հասցրել է դառնալ հեռուստաաշտարակի սեփականատերը, նա նաեւ հաջորդ քայլն է արել` դիմել է տնտեսական դատարան` պահանջելով «ԳԱԼԱ»-ին ստիպեն ազատել արդեն իրենցով արված գույքը:
Երեկվա նիստի սկզբում դատավորը կողմերից ճշտել է, թե նրանք ինչ կարծիք ունեն դատը տեսագրելու առնչությամբ: Գյումրիի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը, որը դատարանում ներկայացնում է հայցվորին, դեմ է արտահայտվել դատի տեսաձայնագրմանը: Իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչներ փաստաբան Կարեն Թումանյանը եւ «ՉԱՊ» ՍՊԸ տնօրեն Կարինե Հարությունյանը կողմ են եղել նիստի նկարահանմանը: Արդյունքում դատավոր Նահապետյանը որոշել է արգելել նիստի նկարահանումը` այդ կերպ արձանագրելով, որ ինքը եւս դեմ է, որպեսզի «ԳԱԼԱ»-ի դատի մասով տեսագրված նյութեր լինեն:
Ինչեւէ, դրանից հետո փաստաբան Կ. Թումանյանը հաշտության համաձայնագիր է առաջարկել, ըստ որի` կողմերը պետք է 6 ամիս ժամկետով վարձակալության պայմանագիր կնքեին, իսկ մինչեւ եկող տարվա մայիսի 5-ը պետք է բանակցեին վարձակալության նոր պայմանագիր կնքելու շուրջ: Սակայն Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչը մերժել է հաշտության համաձայնագիրը` այդ կերպ եւս մեկ անգամ ապացուցելով, որ իրենց միակ եւ հիմնական նպատակը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքներին խոչընդոտելն է:
Հաշտության համաձայնագրի մերժումից հետո «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչ Կ. Թումանյանը դատարանին է ներկայացրել հակընդդեմ հայց, որով պահանջել է հեռուստաաշտարակի նկատմամբ կիրառել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 210-ից 216 հոդվածներով նախատեսված կանոնները` սերվիտուտ: Սերվիտուտը նշանակում է անշարժ գույքի օգտագործում այդ գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից: Սերվիտուտը կիրառվում է այն դեպքերում, երբ դրա կիրառումը անհրաժեշտ է ոչ սեփականատեր հանդիսացող անձի կենսական կարիքները հոգալու համար, երբ առանց դրա սեփականատեր չհանդիսացող անձի գործունեությունը կամ կյանքը կարող է դառնալ անհնար: Սերվիտուտը կարող է կիրառվել ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր` դատարանի վճռով: Տվյալ դեպքում «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչները իրենց հակընդդեմ հայցով դատարանից խնդրել են կիրառել պարտադիր սերվիտուտ: Առանց դրա հետուստաընկերության աշխատանքը կարող է խափանվել, քանի որ հեռուստաընկերության այն սարքավորումները, որոնք տեղադրված են հեռուստաընկերության աշտարակի վրա, այլ վայրում չեն կարող տեղադրվել եւ շահագործվել: Ավելորդ չէ նշել նաեւ, որ հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ից խլելը Գյումրիի քաղաքապետարանին, մեղմ ասած, օգուտ չի բերի: Այդ օգուտը, ընդհակառակը, կարող է ստացվել այն դեպքում, եթե «ԳԱԼԱ»-ն շարունակի աշտարակը օգտագործել եւ դրա դիմաց Գյումրիի քաղաքապետարանին վարձ վճարի: Այսինքն, եթե խնդրին բանականության տեսանկյունից ենք մոտենում, ակնհայտ է, որ հեռուստաընկերության կողմից աշտարակը օգտագործելը ձեռնտու է «ԳԱԼԱ»-ն եւ Գյումրիի քաղաքապետարանին: Մարզի մնացած հեռուստաընկերություններն իրենց եթերը սփռում են Գյումրիի նոր հեռուստաաշտարակից, ուստի նրանց չի կարող ձեռնտու լինել հին հեռուստաաշտարակ տեղափոխվելը, քանի որ դրա համար նրանք նոր եւ անիմաստ ծախս պետք է կատարեն: Եթե «ԳԱԼԱ»-ն ապամոնտաժի իր սարքավորումները, ապա դրանով Գյումրիի քաղաքապետարանը ստանում է մի գույք, որը բացի մետաղի ջարդոնից` այլ կերպ չի կարող օգտագործել: «ԳԱԼԱ»-ի սարքավորումները հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժելը ձեռնտու չէ նաեւ վերջինիս, քանի որ նրա գործունեությունը դրանով կխոչընդոտվի, եւ ընկերությունը ֆինանսական վնասներ կկրի: Բայց առկա իրավիճակը, ինչպես հասկանում եք, ո°չ Գյումրիի քաղաքապետարանին է հետաքրքրում, եւ ինչպես պարզվել է` ո°չ էլ դատավոր Նահապետյանին: Նա մոտ 1 ժամ տեւած ընդմիջումից հետո հայտարարել է, թե հակընդդեմ հայցը մերժում է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դրանից հետո փաստաբան Թումանյանը նրան բացարկ է հայտարարել: Այդքանով դատական նիստը ընդմիջվել է եւ պետք է շարունակվի այսօր, որտեղ էլ հայտնի կդառնա, թե դատարանը ինչ է որոշել Նահապետյանի բացարկի առնչությամբ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթ