«Գերբնակեցում կա, բայց բանտարկյալները հերթով չեն քնում»
00:00, June 2, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ«Համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում որոշակի թեթեւացում կլինի, բայց գերբնակեցված վիճակը դեռ կշարունակվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի համոզմամբ, Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բացի գերբնակեցումից կան նաեւ բանտարկյալների առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում էլ ավելացել են մահացության դեպքերը: Այդ մասին են խոսում նաեւ թվերը, եթե օրինակ 2009 թ.-ին ՔԿՀ-ներում մահացել է 7 բանտարկյալ, ապա արդեն 2010 թ.-ին այդ թիվը աճել է 28-ով եւ դարձել 35: Մահացությունների թվի կտրուկ ավելացումը Սաքունցը պայմանավորում է գերբնակեցման, ոչ նորմալ օդափոխության հետ: Խոսելով Վանաձոր ՔԿՀ-ում Սլավիկ Ոսկանայանի մահվան մասին, Սաքունցը նշեց, որ քրեական գործ արդեն իսկ հարուցվել է եւ նախնական դատաբժշկական փորձաքննության արդյունքում փաստվել է, որ համարժեք առողջապահական միջամտության դեպքում հնարավոր կլիներ փրկել բանտարկյալի կյանքը:
Հաջորդ խնդիրն իրավապաշտպանը պայմանավորեց օրենքով սահմանված արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու, մասավորապես` հեռախոսազանգերի հետ: Բայց պարզվում է, որ իրականում բանտարկյալներն այդքան էլ կտրված չեն աշխարհից, ավելին, որպես կապի հաստատման միջոց օգտագործում են բջջային հեռախոսները, ինչը օրենքով արգելված է: Իրավապաշտպանը նշեց, որ հաճախ բանտարկյալներն իրենց բջջային հեռախոսից են զանգահարում, եւ դրա առկայությունը, ըստ նրա, կամ փաստում է տվյալ ՔԿՀ-ի աշխատողների ոչ լիարժեք վերահսկողության մասին, կամ էլ նրանք անձամբ են կազմակերպել դա` արագ տեղեկանալու համար մյուս բանտարկյալների գործողություններից: Երկու դեպքում էլ Սաքունցը մեղադրում է ՔԿՀ-ներին: Նրա խոսքով, երբ ՔԿՀ-ներն անցան Արդարադատության նախարարության ենթակայության տակ, դա լուրջ բարեփոխում էր, բայց վերջին 3 տարիներում ՔԿՀ-ներում վատացող վիճակը կարող է կասկածի տակ դնել այդ բարեփոխումը:
Սաքունցի այս դիտարկումների հետ մասամբ համաձայն է ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Որ գերբնակեցում կա, այն էլ 3 ՔԿՀ-ներում, Բաբայանն ընդունում է, բայց նրա համոզմամբ իրավիճակն ավելի շատ չափազանցնում են, թե օրինակ բանտարկյալները հերթով են քնում: «Նման խնդիր չունենք»,-հավաստիացնում է ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը: Բոլորովին այլ կարծիքի է Սաքունցը: Որպես օրինակ նա բերում է Նուբարաշենի ՔԿՀ-ն, ուր նախատեսվածից 200 ավելի բանտարկյալ է պահվում: Բաբայանի կարծիքով գերբնակեցման խնդիրը կլուծվի Արմավիրում կառուցվող նոր ՔԿՀ-ի շնորհիվ, որի կառուցման աշխատանքները ֆինանսական պատճառներով թեեւ կանգնեցվել էին, բայց արդեն այս տարվանից դրանք կրկին վերսկսվել են:
Նա նաեւ հավաստիացրեց, որ մինչ օրս բանտարկյալներից եւ նրանց բարեկամներից իրենք չեն ստացել որեւէ դժգոհություն՝ հեռախոսազանգերի կամ զբոսանքների հետ կապված: Բաբայանը վստահեցնում է նաեւ, որ բանտարկյալների առողջական խնդիրները ՔԿՀ-ների կողմից անտարբերության չեն մատնված, իսկ մահացությունների թվի աճն էլ, ըստ նրա, պայմանավորված է ինֆարկտներով եւ ինքնասպանություններով: Բաբայանը նաեւ հերքեց տեղեկություններն այն մասին, թե բանտարկյալները որպես թմրանյութ օգտագործում են բենզինը: «Եթե բանտարկյալների ոչ 100, ապա 98-99 տոկոսը բենզին չի օգտագործում»,-նշեց Բաբայանը: Չնայած այս ամենին, Սաքունցը շարունակում է դժգոհ մնալ ու եւս մեկ անգամ հավաստիացնել, որ վերջին 3 տարիներին չլուծված խնդիրների թիվն ավելացել է: Գերբնակեցված վիճակն էլ այնքան մտահոգիչ է, որ Սաքունցն առաջարկում է թեթեւ հանցանք կատարած մարդուն դատարանի վճռից հետո ՔԿՀ տեղափոխեն միայն այն դեպքում, երբ «տեղ կազատվի»:
Նշենք, որ այսօր ՔԿՀ-ներում կա շուրջ 5100 բանտարկյալ, որոնցից շուրջ 140-ը կին է, 17-ը` անչափահաս, իսկ 25 անչափահաս էլ գտնվում է նախնական կալանքի տակ:
Աղբյուրը՝ http://report.am/news/society/saqubc-babayan-bantarkyalner.html
Ագնեսա Խամոյան