«Իշխանությունները պետք է գնան ինքնաբացահայտման»
00:00, June 7, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցին չի զարմացանում այն փաստը, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերը, մասնավորապես 10 սպանությունները բացահայտելու մասին Սերժ Սարգսյանի հրահանգից 3 ամիս անց, այսօր գործում որեւէ տեղաշարժ չկա:
«Նախ պետք է մի հարցի պատասխան տալ: Արդյո՞ք նման աշխատանքները պետք է կատարվեն Սերժ Սարգսյանի հրահանգով: Մենք նաեւ կարող ենք ենթադրել, որ հենց Սերժ Սարգսյանի հանձնարարականով է դադարեցվել մարտի 1-ի դեպքերի քննությունը: Այսինքն, այստեղ քաղաքական ազդեցությունը զուտ քրեական հանցագործության բացահայտման վրա ուղղակի փաստվում է»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Նա խիստ կասկածում է, որ քաղաքական հրահանգի պայմաններում կարող է անաչառ քննություն իրականացվել մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում. «Ուզում է այդ հրահանգից մեկ ամիս անցնի, երեք ամիս անցնի, թե մեկ տարի: Եթե խնդրին նման մոտեցում կա, դա նշանակում է, որ այս պարագայում կբացահայտվեն արդեն իսկ ակնհայտ հանցագործությունը, որը կատարվել է բոլորիս աչքի առաջ, շատ քիչ հավանական է»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում սոցիալական կայքերում հայտնված 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր տեսանյութերին, ապա, ըստ Արթուր Սաքունցի՝ դա վկայում է մեկ բանի մասին. «Վստահությունը նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ այնքան ցածր է, որ մարդիկ տեսանյութերը ոչ թե հանձնում են նախաքննության մարմնին, այլ՝ դրանք տարածում են, որպեսզի հրապարակայնացնեն»:
Իրավապաշտպանը համոզված է, որ ոչ միայն այդ տեսանյութերը, այլեւ կան բազմաթիվ այլ նյութեր, այդ թվում սիրողական տեսագրված. «Կան նաեւ բազմաթիվ վկաներ, որովհետեւ այդ դեպքերը մեկ-երկու մարդու աչքի առաջ չեն տեղի ունեցել: Հազարավոր մարդիկ են ականատես եղել դեպքերին եւ այստեղ կրկին նախաքննության մարմնի նկատմամբ վստահության բացակայություն է, որ այդ մարդիկ չեն ներկայացանում եւ չեն հայտնում իրենց տեսածը: Անվստահություն էլ իր հերթին պայմանավորված է վկաների անվտանգության նկատմամբ վստահության բացակայությամբ: Այսօր մեր երկրում իրավիճակ չի փոխվել, որ մարդիկ սկսեն վստահել նախաքննության մարմնին եւ վկայություն տալ»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե պետք է սպասեր Սերժ Սարգսյանի հրահանգին եւ դրանից հետո հասարակությանը կոչ աներ, թե ինչ նյութեր ունենք 2008թ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ներկայացրեք, այլ մինչ այդ նման հայտարարությամբ հանդես գար. «3 տարի լռելուց հետո, երբ սկսում է իբրեւ տեղից շարժվել, դա արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս; Եթե ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի հանձնարարությունից հետո է հայտարարությամբ հանդես գալիս, դա նշանակում է, որ հենց նրա հանձնարարականով էլ նախաքննություն չի իրականացրել»:
Արթուր Սաքունցը գտնում է, որ մարտի 1-ի դեպքերը և, մասնավորապես 10 սպանություններն այս իշխանությունների օրոք չեն բացահայտվի. «Հայտնի է, որ 10 զոհերից մի քանիսը զոհվել են հատուկ միջոցների կիրառման պատճառով եւ կրակողները եղել են ոստիկանները: Եթե հայտնի են այդ 4 ոստիկանները, ինչպես նաեւ, թե նրանցից ով, որտեղ է գտնվել դեպքի օր եւ այդքանից հետո դատախազությունը հայտարարում է, թե չի կարողանում նույնականացնել, թե ում կրակոցից ով է զոհվել, ի՞նչ լրացուցիչ վկայություններ կարող են տալ քաղաքացիները: Խնդիրը ոչ թե քաղաքացիների մեջ պետք է փնտրել, այլ իրենց մեջ գտնվող ոստիկանների, որոնք հատուկ միջոցներ են կիրառել 2008թ. մարտի 1-ին»:
Իրավապաշտպանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի հրահանգից հետո ՀՔԾ-ն կկարողանան նույնականացնել, թե ում կրակոցից ով է սպանել. «Այդ դեպքում նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն հանցագործությունը կոծկելու կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է գնան ինքնաբացահայտման: Նրանք նման կամք չունեն: Սա ընդամենը խաղ է: Այս իշխանություններն ուղղակի պատասխանատվություն են կրում 2008 թ. մարտի 1-ի հրաման տալու, այն իրականացնելու հարցում: Ես չեմ կարծում, որ նրանք գնան իրենց դեմ»:
Իրավապաշտպանին զարմացնում է այն, որ ՀՔԾ-ն սկսել է որպես վկա հրավիրել 2008 թ. մարտի 1-ի դեպքերը լուսաբանող լրագրողներին. «Փոխանակ ուսումնասիրությունները կատարեն այնտեղ, որտեղ պետք է, լրագրողներին են հարցաքննում»:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/06/7/arthur-saqunc