«Կվալդնի» պետությունում բոլորը ՔԿՀ-երում կձմեռեն…
00:00, February 22, 2010 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՄի կողմից ճգնաժամի մեջ գտնվող պետությունը չի կարողանում իր կալանավորի, դատապարտյալի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել, որովհետեւ պետության նախատեսածից ՔԿՀ-ներ «գործուղվողները» շատ են, մյուս կողմից էլ` օրենքը պարտադրում է:
Այդ մասին է վկայում նաեւ ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի` արդարադատության նախարարին ուղարկած նամակը, որով պարզաբանումներ է խնդրում «Էրեբունի» ՔԿՀ-ում առկա մի քանի խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` ինչո՞ւ են 391 դատապարտյալի համար նախատեսված «Էրեբունի» ՔԿՀ-ում պատիժ կրում 420 դատապարտյալներ, ինչո՞ւ են հիմնարկում բացակայում կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, ինչո՞ւ հիմնարկը չունի ջեռուցման համակարգ:
Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման: Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ հայրենի կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն, ՔԿՀ վարչակազմի կողմից դատապարտյալներին տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:
Լավ, ինչպես լուծել այդ իրավիճակը` հարցրինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին: «Կվալդնի պետություն է` անունը կա, ամանում չկա: Խնդիրներն այնքան բազմազան են ցանկացած բնագավառում, որ եթե առանձին փորձես ինչ-որ հարց լուծել` արդյունավետ չի լինի: Համակարգային փոփոխություն է պետք: Պետությունը պետք է փոխվի: Փակ հիմնարկները` ՔԿՀ-ները, հոգեբուժարանները, ծերանոցները, մանկատները, որտեղ մարդիկ գտնվում են որոշակի ռեժիմային պայմաններում, ցույց են տալիս պետության դեմքը` խտացված վիճակում: Մարդկանց որոշակի քանակ կա, որ երբ ձմեռը գալիս է` մի փոքր գողություն, զանցարարություն են անում, որ գոնե ձմռանը մնալու տեղ ունենան… նաեւ որոշակի ծառայությունների դիմաց: Քիչ թե շատ սովից, ցրտից փախչում են», -ասաց իրավապաշտպանը եւ մանրամասնեց դրա հետ կապված խնդիրները: Սկսելով կալանավայրերի գերբեռնվածությունից` նա նշեց, որ ՔԿՀ-ներում կան ռեժիմներ` բաց, կիսափակ, փակ տիպի եւ այլն: Օրինակ` Հրազդանի կալանատան` դատապարտյալներին պահելու համար նախատեսված տեղերի բացարձակ թիվը մեծ է, սակայն ռեժիմների լիմիտը բավարար չէ լրակազմին տեղավորելու համար: Եթե, ասենք, տվյալ հիմնարկում բաց կամ փակ տիպի ռեժիմների տեղը սահմանափակ է, դրանից ավելի կամ, օրինակ, կիսափակ ռեժիմի ենթակա դատապարտյալը չի կարող այնտեղ պատիժ կրել: «Սա զուտ կառուցվածքային խնդիր է, որը պետք է վերանայվի, ոչ թե ի սկզբանե սահմանվի. մեխանիզմը պետք է ավելի ճկուն լինի», – ասաց իրապաշտպանը` նշելով դրա դրական կողմը` մարդն իր բնակության վայրի մոտ է գտնվում:
Խնդրի համատեքստում նորից վերադառնում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովի գործառույթներին, որի գործունեության մեջ բավական մեծ են կոռուպցիոն ռիսկերը. անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ չափանիշներով է կառույցը ղեկավարվում դատապարտյալին վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս: Սրանով է նաեւ պայմանավորված, որ կալանավայրերը գերբեռնված են: Եթե կալանավայրն ունի 280 տեղ, այդ չափով էլ բյուջեից պլանավորում են համապատասխան անձանց սննդի ծախսը, իսկ եթե դատապարտյալների թիվը դրանից ավելի է` յուրաքանչյուր անձի համար նախատեսված օրասննդի նվազագույն չափն էլ նվազում է: Սակայն անհրաժեշտ պայմաններով եւ սննդով ապահովելը պետության խնդիրն է, որը, սակայն, հարցերի լուծման մեխանիզմի բացակայության արդյունքում բերում է դատապարտյալների իրավունքների խախտման. կալանավորին չի հետաքրքրում պետության խնդիրը: Չնայած դրան, ազատազրկվածների մի մասը ստանում է իրեն անհրաժեշտ սնունդը` հանձնուքը, ՔԿՀ-ների հսկիչների հետ մտնելով անօրինական կապի մեջ, որպեսզի իրենց ավելի լավ նայեն. իրենց սննդի որոշ մասը տալիս են խոզ ու հավ պահող հսկիչներին: «Այդ երեույթը կա. մեր մասնավոր զրույցներում կալանավորների, դատապարտյալների հարազատները հստակ ասում են այդ մասին. բայց չի կարող ՔԿՀ-ում մի մթնոլորտ լինել, քան թե հասարակության կամ պետության մեջ է` այլանդակ… Խնդիրն այն է, որ տվողը (կաշառք) շահագրգռված չի` հրապարակայնացնելու. եթե դա շահավետ չլինի` իր խնդրի լուծման տեսանկյունից, ինքը չի գնա այդ քայլին: Այսինքն` այդ խնդրի հետ կապված համակարգում այնքան անհստակություն կա. ինչո՞ւ պետք է սնունդն այդքան վատ լինի` որակի, քանակի առումով, որ կալանավորը կամ դատապարտյալը հույսը դնի տանից բերվող հանձնուքների վրա… Բայց որպեսզի իրենց ազատազրկված հարազատին ավելի լավ նայեն` նա չհիվանդանա, դրա համար գումար ա տալիս», – ասաց իրավապաշտպանը` առաջարկելով հարցին նաեւ այլ տեսանկյունից նայել. ՔԿՀ-ի աշխատողի կենսապահովման պայմանների ապահովվածության համար տրվող աշխատավարձն այնքան ցածր է, որ հսկիչը զուգահեռ այլ աշխատանք է անում` տաքսի է քշում, առեւտուր է անում, որ կարողանա տուն պահել: Եվ եթե Հայաստանում գործազրկության այդ մակարդակը չլիներ, իրավապաշտպանի կարծիքով, այդ մարդիկ այդտեղ չէին էլ աշխատի: «Կալանավորներ կան, որ նրանց վիճակն ավելի լավ է, քան հսկիչինը: Հիմա եթե մենք փորձենք այդ հանձնուքների քանակը սահմանափակել, կմեռնեն էդ մարդիկ, հարազատն էլ շահագրգռված չի ու զոհողությունների է գնում` խուցն է վերանորոգում, կաշառք տանում, այլապես իր հարազատը կմնա անմարդկային պայմաններում: Բայց ինչու նա պետք է վերանորոգի, չհասկացա…», – հարցնում է Ա.Սաքունցը եւ նշում ավելի գլոբալ խնդիր. «Կազմակերպությունը «Արթիկ» ՔԿՀ-ի խմելու ջրի որակի հարցն է բարձրացնում, որովհետեւ խմելու համար պիտանի չի, բայց հիմնարկի շրջակա միջավայրի բնակիչներն էլ են այդ ջրից օգտվում: Այսինքն` չես կարող ՔԿՀ-ի համար նոր ջրագիծ անցկացնել: Այլ կերպ ասած` խնդիրներ կան, որ բուն համակարգի լիազորություններից վեր են, բայց համակարգի վրա կարող են ազդել: Բայց մյուս կողմից էլ` պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ՔԿՀ-ներում բոլոր պայմաններն ապահովենք. բոլորը կգնան բանտեր. կասեն` դրսում պիտի սոված սատկենք, ընդեղ գոնե հաց կտան: Աբսուրդ է: Խելագարության վիճակ»:
Ի դեպ, ՄԻՊ-ի մամլո խոսնակ Գրիգորի Գրիգորյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ դեռ պարզաբանումները չեն ստացել ԱՆ-ից, բայց տեղեկացրել են, որ ծառայողական քննություն է նշանակված: Զրուցակիցս ասաց, որ գլոբալ հիմնանորոգմանը վերաբերող մասից բացի` մնացած հարցերի վերաբերյալ ինչ-որ լուծումներ ակնկալում են:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/14040/