«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության բարձրացումը» 2008թ-ի ծրագրի ներկայացում
00:00, January 17, 2008 | Մամլո հաղորդագրություններ2008թ-ի հունվարի 16-17-ը տեղի ունեցավ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում և արդյունավետության բարձրացում» ծրագրի երկրորդ տարվա գործողությունների մշակումն ու նախորդ տարվա ծրագրի արդյունքների ամփոփումը:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզի 5 քաղաքներից ընդգրկված 16 կամավորները, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները:
Դեռևս 2006թ. նոյեմբերի 1-ից իրականացվող ծրագրի նպատակն է Լոռու մարզում մարդու իրավունքների խախտման արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով:
Ծրագրի իրականացման առաջին տարում ձևավորվել է արագ արձագանքման խումբ Լոռու մարզի Վանաձոր /8մասնակից/, Ստեփանավան /2 մասնակից/, Ալավերդի /2 մասնակից/, Տաշիր /2 մասնակից/ և Սպիտակ /2 մասնակից/ քաղաքաներից 16 նոր կամավորների ընդգրկմամբ: Խումբը տիրապետում է՝ իրավապաշտպանական մեխանիզմների և շահերի պաշտպանության, նախընտրական քարոզչության ֆինանսական, ծրագրային, ԶԼՄ մոնիտորինգի, դիտորդական առաքելության իրականացման, փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման, վեբ-պորտալի թարմացման հմտություններին և կարողություններին:
Երկրորդ տարվա ծրագրով նախատեսվում է 2008թ. մարտի 1-ից Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ քաղաքներում ներդնել անվճար իրավախորհրդատվության համակարգ: Այդ քաղաքներից ընդգրկված կամավորներն իրենց համայնքներում կկազմակերպեն համայնքի բնակիչների ընդունելություն, կգրանցեն նրանց կողմից մարդու իրավունքներին, դրանց խախտումներին վերաբերվող խնդիրները: Բարձրացված խնդիրների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվությունը քաղաքացնիները կստանան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանից, որն ամիսը 2 անգամ կայցելի այդ համայնքներ:
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ արագ արձագանքման խումբն իրականացնելու է ընտրությունների համակողմանի ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունն իր մեջ ներառում է Լոռու մարզի 5 քաղաքների տեղական հեռուստաընկերությունների և տպագիր մամուլի մոնիտորինգ, թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության մոնիտորինգ և քվեարկության օրվա դիտորդություն:
Նախատեսվում է ընտրությունների ուսումնասիրության արդյունքների ներկայացումը զեկույցի տեսքով:
2008թ. օգոստոս- սեպտեմբեր ամիսներին արագ արձագանքման խումբն իրականացնելու է 3 ֆոկուսային մոնիտորինգներ՝ Վանաձորի քրեակատարողական հիմնարկում, Վանաձորի երեխաների խնամքի կենտրոնում, Ստեփանավանիգիշերօթիկ դպրոցում:
Մոնիտորինգների արդյունավետ իրականացման համար նախապես կկազմակերպվի սեմինար, որի ընթացքում կմշակվեն համապատասխան գործիքները:
Իրականացված մոնիտորինգների արդյունքները կտպագրվեն «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում» 2-րդ զեկույցում:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Անի Ղամբարյանին:
Հասցե՝ Տիգրան Մեծի 59
Հեռ. 4 22 68
Էլ. փոստ hcav@hcav.am