«Պատերազմից տուժածները»
00:00, February 5, 2010 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ2010 թ. փետրվարի 3-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող “Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում” ծրագրի շրջանակներում նկարահանված “Պատերազմից տուժածները” ֆիլմի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի երիտասարդ հեռուստալրագրողներ, ֆիլմում նկարահանված հերոսները` նախկին ռազմագերի Արմեն Մելքոնյանի ընտանիքը և մինչ օրս անհայտ կորած Վահե Եղշատյանի մայրը, ինչպես նաև ՀԿ-ների, կուսակցությունների ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ:
“Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում” ծրագիրը ի սկզբանե նպատակ ուներ երիտասարդներին ներգրավել խաղաղասիրական գործընթացներում, նրանց մեջ ձևավորել հանդուրժողություն և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկություն, նրանց մասնակցությամբ բարձրացնել պատերազմի զոհերի հիմնախնդիրները:
Այդ նպատակով ֆիլմի նկարահանման համար ընտրվել են հենց երիտասարդ հեռուստալրագրողներ Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից:
Երիտասարդ լրագրողները ներկայացրել են ղարաբաղյան պատերազմի զոհերի՝ հայ, ադրբեջանցի և ղարաբաղցի փախստականների, անհայտ կորածների ընտանիքների և նախկին ռազմագերիների ճակատագիրը:
Ֆիլմում հայ և ղարաբաղցի նախկին ռազմագերիները պատմում են գերության իրենց պատմությունը` դառն անցյալի պատմության հետ զուգակցելով խաղաղ ապագայի անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայ, ղարաբաղցի և ադրբեջանցի փախստականները կարոտով են հիշում իրենց նախկին բնակավայրերը, իրենց գաղթի ճամփան: Չնայած այդ ամենին` նրանք չունեն թշնամական վերաբերմունք հակառակ կողմի նկատմամբ: Նրանց միակ ցանկությունը խաղաղությունն է եւ իրենց նախկին բնակավայրերը այցելելու հնարավորությունը:
Անհայտ կորածների հարազատները և’ Հայաստանում, և’ Ղարաբաղում, և’ Ադրբեջանում ունեն նույն ցավը: Անհայտ կորածների հարազատների համար անտանելին իրենց անհետ կորած զինվորի ճակատագրի անորոշությունն է և անվերջ սպասումը:
“Պատերզամից տուժածները” ֆիլմը նկարահանվել է “Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում” ծրագրի շրջանակներում` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: