«Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները»
00:00, April 4, 2009 | Քննարկումներ | Սեփականության իրավունք2009թ. մարտի 21-ին, 22-ին և 28-ին Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կայացան ուղիղ եթերներ և քննարկումներ «Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները» թեմայով:
Քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում ներկայացվեցին սեփականության իրավունքին վերաբերող գործարքները, դրանց իրականացման օրինական հիմքերը, մասնավորապես՝
• առուվաճառքը
• նվիրատվությունը
• վարձակալությունը
• Ժառանգությունն ըստ կտակի, ըստ օրենքի:
Քննարկումները վարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը, ով միաժամանակ պատասխանեց քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ինքնակամ կառույցներին, ժառանգության ընդունման սահմանված ժամկետներին, գույքի սեփականաշնորհմանը, սերվիտուտի իրավունքին և այլն:
Քաղաքացիներին հետաքրքրող առավել շատ տարածված հարցրեն էին.
• կարո՞ղ է արդյոք ժառանգությունն ընդունել անչափահաս երեխան
• ինչպիսի՞ տուգանքներ է սահմանված քաղաքաշինական նորմերը խախտելու դեպքում
• ի՞նչ տարբերություն կա կտակի և նվիրատվության միջև
• հնարավո՞ր է արդյոք սեփականաշնորհել ինքնակամ կառուցված կառույցը
• ամուսիններին համասեփականության իրավունքով պատկանող բնակարան կտակելիս անհրաժե՞շտ է արդյոք, որ ամուսնիններից երկուսն էլ կտակ կազմեն
• ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ինքնակամ կառույցը:
Կարեն Թումանյանը ներկայացրեց, որ միջազգային վիճակագրության համաձայն՝ սեփականության իրավունքի հետ կապված ամենից շատ հանդիպող խնդիրները առնչվում են հողային վեճերին և սեփականության ձեռքբերման գործարքներն անվավեր ճանաչելուն: Նա ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մի քանի գործեր, որոնց մասին իմանալով քաղաքացիները հստակ պատկերացում կազմեցին կոնկրետ գործերի վերաբերյալ: Քաղաքացիներին բացատրվեց, որ եթե իրենց գործի փաստական հանգամանքները համաընկնում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշման փաստական հանգամանքներին, ապա իրենց գործի նկատմամբ էլ դատարանը նույն որոշումը կկայացնի, ինչպես նախադեպային գործի դեպքում:
Քննարկումները և ուղիղ եթերները իրականացվեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: