«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով վճիռը՝ մարտի 22-ին
06:22, March 6, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, այսօր լսվեց «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի կողմից բերված բողոքը:
Մի քանի անգամ դատական նիստը հետաձգվելուց հետո ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն այսօր վերջապես դատարան էր ուղարկել գործի նյութերը, սակայն ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչը կամ պատասխանող կողմը, ինչպես բոլոր մնացյալ նիստերին, այսօր ևս դատարան չէր եկել:
Բացի բողոքի ներկայացումից, Էդմոն Մարուքյանը դատարանում այսօր ներկայացրել է նաև բողոքի հիմնավորումները, ինչպես նաև լրատվական միջոցներով տարածված զեկուցագրի պատճենները:
Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Գործի էությունն այն է, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:
Դատարանը բողոքի վերաբերյալ վճիռը կհրապարակի մարտի 22-ին, ժամը 16.30-ին: