«2+»` ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ TV»-ԻՆ, 3՝ ԱԼԱՎԵՐԴՈՒ «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3»-ԻՆ
00:00, June 23, 2007 | Ընտրական իրավունքՎանաձորի լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն քննարկեցին ԶԼՄ-ների դերը ընտրարշավի ժամանակ՝ անդրադառնալով մասնավորապես վանաձորյան լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը:
Քննարկումը կազմակերպել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Վանաձորի «Լոռի TV» հեռուստաընկերության գործունեությունը 5 բալանոց սանդղակում գնահատեցին 2+: Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության աշխատանքը Արթուր Սաքունցը 3 նշանակեց:
Երևանի Մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանին եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին զարմացրել է մարզային հեռուստաընկերությունների՝ այս ընտրարշավին որդեգրած քաղաքականությունը: Լոռու մարզում գործող 7 տեղական հեռուստակայաններից միայն Ալավերդու «Անկյուն գումարած 3»-ն էր քաղաքական գովազդի սակագին հայտարարել:
«Այդպիսի բան չի լինում, որ մասնավոր հեռուստաընկերությունը չցանկանա գումարներ վաստակել»,- նկատեց Աշոտ Մելիքյանը: Սակագին չհայտարարելու պատճառների մեջ նա տեսնում է թաքնված գրաքննություն, քաղաքական ճնշումներ և տաբու:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գնահատմամբ, սակագին չհայտարարելը մարզի հեռուստաընկերություններին չխանգարեց ակտիվորեն լուսաբանել ընտրությունները: Ավելի շուտ, ինչպես նկատեց նա, նրանք ավելի շատ լուսաբանեցին մեծամասնական թեկնածուների քարոզարշավը, ոչ թե ընտրությունների ընթացքը:
Մեսրոպ Հարությունյանը անդրադարձավ հանրապետական լրատվամիջոցների նախընտրական գործունեությանը: Երևանի Մամուլի Ակումբի փորձագետը նախընտրական ժամանակաշրջանը պայմանականորեն բաժանում է երկու մոտավորապես հավասար մասերի: Առաջին մասը նա բնութագրում է քարոզարշավին մասնակցող բոլոր կուսակցություններին ուշադրություն դարձնելու ժամանահակատված, երբ եթերում կարելի էր տեսնել ինչպես ՀՀՇ-ին, այնպես էլ՝ ՕԵԿ-ին:
«Երկրորդ մասում ընդդիմադիր կուսակցությունների գործունեության լուսաբանումը գնալով դարձավ զրո և նրանք կարողացան օգտվել միային անվճար եթերաժամանակից»,- նշեց Մեսրոպ Հարությունյանը:
Նշելով, որ այս անգամ ընդդիմադիրների համար եթերը բաց էր, Մեսրոպ Հարությունյանը «Ժառանգություն», «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը գնահատում է խտրական: Նրանք, ըստ փորձագետի, կարծես թե հայտնվել էին ինֆորմացիոն շրջափակման մեջ:
Աշոտ Մելիքյանը ներկայացրեց քարոզարշավին մասնակցած կուսակցությունների՝ ԶԼՄ-ների գործունեությանը տված գնահատականը: ԶԼՄ-ների աշխատանքը, համեմատած նախորդ ընտրությունների, նրանք որակել են ակտիվ ու հավասարակշռված: Մայիսի 12-ի ընտրություններին մասնակցած 23 քաղաքական ուժերից 11-ը լրատվամիջոցների աշխատանքը գնահատել են միջին, 5-ը` լավ, 6-ը` անբավարար: Լրատվամիջոցներին գերազանց գնահատականի է արժանացրել մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր
http://www.echannel.am/?topic_id=868&PHPSESSID=aa5f86f9582061f13d31fafb3267992e