Ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բադալյանի բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան
00:00, August 11, 2011 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանը, ով 5 ամիս առաջ եղել է ադրբեջանական գերության մեջ եւ կտտանքների ենթարկվել, այդ փաստի առթիվ արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա բողոքն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր անտառում եւ գերեւարվել 2009թ. մայիսի 9-ին:
Միայն մեկուկես տարի անց` 2010թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հաստատել էր նրա գերության փաստը, ընդ որում մինչ այդ կտրուկ հերքում էր Բադալյանի` Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս տարվա մարտի 17-ին Բադալյանը հանձնվել էր հայկական կողմին:
Եվրոպական դատարանին դիմելու հարցում Բադալյանին օժանդակել է Վանաձորում գործող «Ռազմավարական դատավարությունների կենտրոնը»: Փաստաբանների կարծիքով, այս գործով վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ դեպքերի համար:Փաստաբան Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ, բողոքի հիմքում ընկած են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 5-րդ հոդվածների դրույթները:
«Ենթարկվել է խոշտանգումների, անազատության մեջ է պահվել Ադրբեջանի օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների խախտումներով, որի համար ակնկալում ենք, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի կոնվենցիայի երրորդ հոդվածի, այսինքն` խոշտանգումների արգելում, եւ հինգերորդ հոդվածի` անձի ազատության անձեռնմխելիության իրավունքների խախտում», – «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Մարուքյանը:
Արթուր Բադալյանը երկու տարի առաջ ընկերների հետ սունկ հավաքելու ժամանակ մոլորվելով Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի անտառներում` անցել էր սահմանը: Նրա գտնվելու վայրի մասին ադրբեջանական իշխանությունները լռում էին, մինչեւ որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գերեվարումից շուրջ մեկեւկես տարի անց նրան հայտնաբերեց ադրբեջանական զորամասերից մեկում: Մինչ այդ նրա ընտանիքն ու Հայաստանի իշխանությունները տեղեկություններ չունեին Բադալյանի գտնվելու վայրի մասին:
Արթուր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին` ասելով, որ իրեն պահել են քաղցած, ցուրտ ու խոնավ խցում, ենթարկել խոշտանգումների, հոգեբանական ճնշումների:
Ադրբեջանական իշխանությունները երկու ամիս առաջ ադրբեջանական մամուլում հայտարարեցին, թե Բադալյանի նկատմամբ ցուցաբերել են մարդկային վերաբերմունք` ապահովելով նրա կենսապայմանները: Մինչդեռ նախկին գերին շարունակում է հակառակը պնդել:
Արթուր Բադալյանը բողոքում է նաեւ առողջությունից: Նա շարունակում է հայտարարել, թե ադրբեջանական կողմն իր օրգանիզմում լսող սարք է տեղադրել, որով էլ փորձում է կառավարել իրեն:
Նախկին գերին «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության աջակցությամբ Երեւանում բուժում է ստացել, այդուհանդերձ` նրա առողջության վերաբերյալ տրված նախնական գնահատականում մատնանշվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
Բադալյանի առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ գերությանը առնչվող փաստաթղթերը փաստաբանը կցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված գործին: Մարուքյանը հույս ունի, որ երկու տարվա ընթացքում դատարանը վարույթ կընդունի դիմումը, քննելուց հետո էլ ի օգուտ Բադալյանի որոշում կկայացնի:
«Նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման հարցը մենք թողել ենք դիմումի` վարույթ ընդունվելուց հետո: Քանի որ Արթուր Բադալյանը դեռեւս տառապում է, վերաինտեգրման պրոցեսում է եւ ծախսեր է կատարում դրա հետ կապված, մեր վերջնական հաշվարկը, բնականաբար, կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», – ասաց փաստաբանը:
Սա առաջին դեպքն է, երբ հայկական կողմը որոշում է դատի տալ Ադրբեջանին իր քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու համար: Փաստաբանի կարծիքով` դատարանի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար եւս, նշում է նա:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Ադրբեջանում ներկայում երեք հայ ռազմագերի կա եւ հինգ հոգանոց մեկ ընտանիք, Հայաստանում` մեկ ադրբեջանցի ռազմագերի:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/70702.html