Ազատ է արձակվել Դավիթ Պապյանը
00:00, October 26, 2007 | Արդար դատաքննության իրավունքՎանաձոր քաղաքի բնակիչ Դավիթ Մհերի Պապյանը 2007թ –ի հոկտեմբերի 26-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Լոռու մարզի դատախազությունը Դավիթ Պապյանի հանդեպ իր մեղադրանքը մինչ դատաքննության ավարտը հետ է վերցրել: Դավիթ Պապյանի մեղքը ապացուցված չէ և սպառվել են բոլոր միջոցները:
Տեղեկացնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետամուտ է եղել Դավիթ Պապյանի շահերի պաշտպանությանը` նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվելու պահից, մասնակցել կայացած բոլոր դատական նիստերին:
Դավիթ Պապյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, այն բանի համար, որ նա իբր 2007թ-ի հունվարի 26-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհի Ա. Ավետյանի հետ նախապես հանցավոր համաձայնության գալով, շահադիտական դրդումներով և հանցագործությունը թաքցնելու նպատակով, դանակով սպանել են Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհի Մ. Մելքոնյանին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2007թ-ի փետրվարի 5-ի որոշմամբ, մեղադրյալ Դ. Պապյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ 2 ամիս ժամանակով:
Նույն թվականի մարտի 29-ին նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամսով, իսկ 2007թ-ի մայիսի 23-ին՝ ևս 1 ամիս ժամանակով:
2007թ-ի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել դատական նիստ, որը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 12-ը: Դավիթ Պապյանի գործով վերջին նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին: