Այլընտրանքային զինծառայության վիճակը Լոռու մարզում
00:00, October 11, 2006 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2006 թ-ի հոկտեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Միջեկեղեցական Խաղաղության խորհուրդ /IKV, Նիդերլանդներ/ խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող Դեղին Կակաչներ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Այլընտրանքային ծառայության վիճակը Լոռու մարզում» թեմայով առաջին կլոր սեղանը:
Կլոր սեղանին մասնակցում էին Վանաձորի զինկոմիսարիատի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուսանողներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը մասնակիցներին ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները և միջազգային չափանիշներին օրենքի անհամապատասխանող կետերը: Մասնավորապես, օրենքի ընդունմամբ խախտվել է այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին էր այլընտրանքային ծառայության ժամկետային տևողությունը: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է 36 ամիս այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար, 42 ամիս այլընտրանքային զինծառայության համար, մինչդեռ սովորական զինծառայության համար նախատեսված է 24 ամիս: Մյուս կողմից, այլընտրանքային ծառայության անցնող քաղաքացիները ծառայության ամբողջ ընթացքում չպետք է լինեն զինվորական կառույցների հսկողության տակ: Օրենքով հստակ սահմանված չեն այլընտրանքային ծառայության անցնելու ընթացակարգը, որը հնարավորություն չի տալիս նրանից օգտվողներին հստակ պատկերացնելու և ապահովելու իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Օրենքը գործողության մեջ է արդեն 2 տարի և ինչպես է այն իրականացվում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվական բաժնի համակարգող Կ. Թումանյանը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորում և Լոռու մարզոմ «Այլընտրանքային Ծառայության մասին» ՀՀ օրենքի իրականացման վիճակը /տես մոնիթորինգի արդյունքները/: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլընտրանքային ծառայություն անցնողների նկատմամբ իրականցվել են ծայրահեղ խտրական վերաբերմունք, որի հետևանքով ոտնահարվել են նրանց իրավունքները: Մասնավորապես, նրանց չի տրվում համապատասխան վարձատրություն զինծառայություն անցնողների հետ հավասար: Այլընտրանաքային ծառայություն անցնողների կողմից իրականացվող աշխատանքները /սանհանգույցի մաքրում, դիակի հարդարում և այլն/ համարժեք են արժանապատվությունը նվաստացնող վիճակին: Ծառայության ընթացքում նրանց վերահսկողությունը իրականացվել է զինոստիկանության և զինվորական հրամանատարության կողմից, որն ուղեկցվել է անհարգալից վերաբերմունքով:
Քննարկմանը հրավիրաված էր նաև «Եհովայի վկաներ» կազմակերպության Վանաձորի ներկայացուցիչը, որը հրաժարվեց մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ ինքը լիազորված չէ նման հարց ներկայացնելու և չի տիրապետում խնդրին:
Քննարկմանը մասնակցող Վանաձորի զինկոմիսարիատի զորակոչի խմբի պետ Արեն Սարգսյանը ներկայացրեց այն դիտարկումը, թե «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պրակտիկան գնահատելու համար իրենք շատ քիչ փորձ ունեն, որը կարևոր նշանակություն կարող էր ունենալ օրենքի կատարելագործման համար: Միաժամանակ պարոն Սարգսյանը անդրադարձավ օրենքի մի քանի դրույթների, որոնք չեն նպաստում այլընտրանքային ծառայության պատշաճ իրականացմանը: Մասնավորապես, մշակված չէ այլընտրանքային ծառայության իրականացման կանոնակարգը, որի բացակայության պայմաններում հստակեցված չէ այլընտրանքային ծառայություն անցնողների իրավունքների և պարտականությունների իրականացումը, պետական մարմինների հետ նրանց փոխհարաբերությունները: Պարոն Սարգսյանը իր ելույթում ձևակերպեց նաև այն հռետորական հարցը, թե «ի՞նչ կապ ունի այլընտրանքային ծառայության հետ զինկոմիսարիատը», նշելով, որ այլընտրանքային ծառայության անցնելու հետ կապված հարցերը պետք է լուծի բոլորովին այլ մարմին՝ ոչ զինվորական մարմին, որը մասնագիտացված կլինի նման հարցերում: Իր ելույթում նա հայտնեց, որ այս տարի 1 քաղաքացի է դիմել այլընտրանքային ծառայություն անցնելու հարցով, սակայն դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետից /սեպտեմբերի 3-ից/ ուշ: Զուտ ֆորմալ իրավական առումով այդ քաղաքացու այլընտրանքային ծառայության անցնելու իրավունքը կարող է մերժվել:
Քննարկման մասնակիցների կողմից կարևորվեց զինակոչի, այդ թվում այլընտրանքային ծառայության վերաբերյալ ժամկետների և փաստաթղթերի մասին զինկոմիսարիատի կողմից հասարակությանը տեղեկատվության ապահովման խնդիրը: Ի պատասխան, զինկոմիսարիատի ներկայացուցիչը հայտնեց, որ մի կողմից նման պարտականություններ չունեն, մյուս կողմից ֆինանսական հնարավորություններ բյուջեով նախատեսված չէ:
Քննարկման ընթացքում «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը դիտարկվեց որպես զինված ուժերի բարեփոխման կարևոր ուղղություններից մեկը, միևնույն ժամանակ նշվեց, որ նրա դիտարկումը զինվորական ուժերի ընդհանուր բարեփոխումներից տարանջատ կարող է տեղիք տալ ոչ ճիշտ մեկնաբանությունների՝ այլընտրանքային ծառայության ինստիտուտի վերաբերյալ:
Քննարկման մասնակիցները վերստին անդրադարձան «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նշանակությանը՝ կապված խղճի, համոզմունքի և դավանանքի իրավունքի ապահովման հետ: Քննարկումը ցույց տվեց, որ հասարակության մեջ դեռևս միանշանակ և համարժեք ընկալում չկա այլընտրանքային ծառայության ինստիտուտի նկատմամբ և դեռևս մնում է չհաղթահարված այլընտրանքային ծառայությունը ընտրողների նկատմամբ և° պետական, և° հասարակական անհանդուրժողությունը:
Կարևորվեց պետական մարմինների հետ համագործակցությունը «Այլընտրանքային Ծառայության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման և իրականացման բարելավման ուղղությամբ: