Այս անգամ էլ արգելեցին
00:00, April 7, 2008 | Հավաքների և միավորումների ազատություն2008թ. ապրիլի 4-ին Վանաձորի քաղաքապետը երրորդ անգամ արգելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվող հանրահավաքները:
Հանրահավաքները նախատեսվում էին կազմակերպվել ապրիլի 11-ին, 12-ին հետևյալ թեմաներով.
• ապրիլի 11-ին՝ «Մարդու իրավունքների վիճակը լոռու մարզում»
• ապրիլի 12-ին՝ «Հայաստանի պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»:
Որոշման կայացման համար Վանաձորի քաղաքապետը հրավիրել էր քննարկում ավագանու անդամների, ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության պետի, Լոռու մարզի դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ:
Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանի կողմից կրկին անգամ մերժվեց հանրահավաքների կազմակերպումը: Մերժման համար հիմք ընդունվեց քննարկման արդյունքում ձևավորված այն կարծիքը, որ առկա են հավաստի տվյալներ, թե նշված օրը, ժամին և նշված վայրում միջոցառման անցկացումն իրական վտանգ կարող է սպառնալ հանրահավաքներին մասնակցող անձանց կյանքին կամ առողջությանը:
Հավաստի տվյալներ համարվեցին Լոռու մարզի վարչության պետի 04.04.2008թ-ի թիվ 70/1-637 և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության 04.04.2008թ-ի թիվ ԱԱ-17 պաշտոնական եզրակացությունները: Այս եզրակացությունները, սակայն, քաղաքապետի կողմից չհրապարակվեցին, ոչ էլ կից ներկայացվեցին կազմակերպությանը:
Հանրահավաքների անցկացման իրավունքի իրականացումը Վանաձորում մնում է անհնար: