Այցելություն Լոռու մարզ
00:00, September 11, 2007 | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՍ/թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելեց Լոռու մարզ` մարզի դատախազի սպանության բացահայտման հետ կապված “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” Հ/Կ-ի կողմից ստացված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Աշխատանքային խումբը այցի շրջանակներում հանդիպել է մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի տեղակալ Ա. Այվազյանի հետ:
Աշխատանքային խումբը ուսումնասիրել է ոստիկանության բաժնում առկա բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկությունների գրանցամատյանը: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մարզի դատախազի սպանության գործով բերման ենթարկվածների թիվը հասնում էր մոտ 4 տասնյակի: Գրանցամատյանում նշված էին նրանց բերման ենթարկելու և ազատ արձակելու ժամկետները: Պաշտպանի ներկայացուցիչների ոստիկանությունում գտնվելու պահին կոնկրետ դատավարական նորմերի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Չնայած տվյալ պահին խախտման դեպք չհայտնաբերելու հանգամանքին, այնուամենայնիվ, “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” Հ/Կ-ի ներկայացուցչի հավաստմամբ, դեռևս Վանաձոր քաղաքում շարունակվում է պահպանվել լարված մթնոլորտը` կապված Լոռու մարզի դատախազի սպանության փաստի առթիվ հարուցված քր. գործի վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարված իրավախախտումների հետ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրավապահ մարմիններին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները`
• սպանությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ,
• ստուգել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հնարավոր օրինախախտումների վերաբերյալ տեղեկությունները և դրանց հաստատման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկել,
• պահպանել քրեադատավարական օրենսդրության պահանջները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով:
http://www.ombuds.am/main/am/0/27/841