Անանուն նամակները գեղեցիկ երևույթ չեն. ՊՆ խոսնակ
06:16, July 23, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերԱնանուն նամակները գեղեցիկ երևույթ չեն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ՊՆախարար Սեյրան Օհանյանին ուղղած նամակին:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին ուղղված ոչ մի դիմում անպատասխան չի կարող մնալ, այլ հարց է, թե ինչ տիպի ընթացք կունենա:
«Անանուն նամակները գեղեցիկ երևույթ չեն, կարծես ստալինյան ժամանակները լինեն, անհիմն մեղադրանքներ են հնչում: Եթե ուզում ենք, որ առողջ ինչ-որ բան լինի, պետք է թափանցիկ լինի այդ ամենը: Երբևէ անուշադրության չեն մատնվում անանուն նամակները, այլ հարց է` ինչ տիպի ուշադրություն է լինում»,- մեկնաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. հուլիսի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր անձնական էլեկտրոնային փոստով ստացել էր լատինատառ նամակ, որի հեղինակն ասում է, որ բանակում ծառայում է մոտ 20 տարի, վերջին 10 տարին՝ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում: Նամակի հեղինակը պատմում է, թե ինչպես է կորպուսի շտաբի պետ նշանակված Գրիշա Խաչատուրովը վարում իր ծառայությունը: «Կորպուսում ստեղծել ա շատ լարված վիճակ, քրֆում ա, բոլորին անպատվում ա, գործից ոչ մի բան չի հասկանում, մենակ հավայի ղժժում ա: Սա տասնյակ սպաների համար ամենօրյա ցավ է»,- նկատել էր նամակի հեղինակը, որը չէր ներկայացել: Այս նամակի առնչությամբ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին: