Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները հստակություն են ուզում
05:53, July 2, 2012 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՎանաձորում արդեն ավանդույթ է դարձել ի պաշտոնե հիշել անհայտ կորած զինծառայողի օրը: Քաղաքային և մարզային իշխանությունները պարտավորության նման այցելում են անհայտ կորած զինվորի հուշարձանին, ծաղկեպսակներ դնում, զորակցության խոսքեր ասում, նաև դրամական պարգևներ հանձնում հարազատներին:
Անհայտ կորած զինծառայողների օրենքի նախագծի համար 2 տարի առաջ ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որտեղ ընդգրկված էին տարբեր գերատեսչություններից անդամներ` Ազգային անվտանգության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԺ, ՄԻՊ գրասենյակի, ոստիկանության, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ. «Այսինքն` այն բոլոր կառույցները, որոնք անմիջական առնչություն ունեն անհայտ կորածի ընտանիքի աջակցության և միևնույն ժամանակ անհայտ կորածի հայտնաբերման, նույնականացման հետ, և խնդիրների լուծման համար բոլորը ներգրավված էին»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Օրենքի նախագիծը դեռևս անցած տարի ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որն իր առարկություններն ու առաջարկությունները պետք է ներկայացնի, որից հետո կառավարությունն ու ապա ԱԺ-ն օրենքի ուժ տան, որով անհայտ կորածների իրավական կարգավիճակը կփոխվի, որի հիման վրա էլ կկազմակերպվեն պետության կողմից նրանց սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հոգեբանական և այլ ծառայությունները. «Օրենքը պետության կողմից մարդասիրական սկզբունքների վավերականացման մեխանիզմ է, որի ընդունումը պարտավորություն է, ոչ միայն իր քաղաքացիների հանդեպ, այլև քաղաքակիրթ աշխարհին կարող ես ասել, որ իրավական պետություն ես, իրավական մեխանիզմների շրջանակներում ես կարգավորում պետության գոծողությունները»:
Սաքունցն ասաց, որ հակամարտող կողմերի միջև միջնորդավորված բանակցություններ են ընթանում, չկա անմիջական շփման հնարավորություն, բայց նկատեց, որ մարդասիրական հարթության վրա լուծվող հարցերը միշտ երկրորդ պլան են մղվել` քաղաքականացվել են, կորուստներն են շահարկվել, սակայն հենց մարդասիրական հիմքի վրա հակամարտող կողմերի ներկայացուցիչները շատ ավելի հեշտ են լեզու գտնում. «Կոնֆլիկտի լուծման ճանապարհ է հանդիսանում հակամարտող կողմերի հասարակությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումը»,- ասաց Սաքունցը:
Սաքունցի կարծիքով՝ հարցի որոշակի շարժի համար պետք է հաղթահարել շղթայական կարծրատիպերը. «Եթե կարծրատիպերը հաղթահարում ես, բացառում ես ռազմական գործընթացները»:
Անհայտ կորած զինծառայողի հարազատներն ամենամեծ խնդիրը դատարանով հարազատին մահացած կամ զոհված համարելու միջոցով դրամական աջակցություն ստանալն են համարում: Միևնույն ժամանակ, նրանք այդ քայլին գնում են սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով:
Օրենքի հետաձգումը Ա. Սաքունցը համարում է պետության կողմից պարտավորությունը կամ պարտականությունը չկատարելու միջոց: