Ապրիլի 13-ին դատարանը կկայացնի որոշում
00:00, April 10, 2007 | Արդար դատաքննության իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԱպրիլի 9-ին Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ալավերդյանի լսվեց տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի հայցն ընդդեմ Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի:
Դատավարությանը մասնակցում էին տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամները, Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը և Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Դռրբաց դատական նիստին մասնակցում էին ԵԱՀԿ դիտորդները, Վանաձորի քաղաքացիները:
Ապրիլի 3-ին Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 1 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել էր «Վանաձոր համայնքի ղեկավար՝ Սամվել Դարբինյանին անվստահություն հայտնելու մասին» տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով նախաձեռնող խմբի գրանցման դիմումը:
Նախաձեռնող խումբը, համաձայն չլինելով տվյալ որոշման հետ, դիմել էր դատարան Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ապրիլի 3-ի որոշումն անվավեր ճանաչելու և նախաձեռնող խումբը գրանցելու պարտադրելու պահանջով:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժման մասին որոշումը կայացրել էր առանց հիմնավորման: Դատական նիստի ընթացքում նրանք մերժումը հիմնավորեցին նրանով, որ տեղական հանրաքվեի անցկացման բացառիկ իրավասությունը պատկանում է համայնքի ավագանուն:
Նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ այդ որոշումը չի բխում ՀՀ օրեսդրությունից: Դրանով խախտվում է Վանաձոր համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների սահմանադրությամբ ամրագրված «տեղական հանրաքվե անցկացնելու» իրավունքը:
Դատարանը որոշում կկայացնի ապրիլի 13-ին: