Արթուր Սաքունց. Իշխանությունները սեփական գործելակերպի հիմքում տեսնում են մարդու իրավուքների խախտումները
21:51, December 10, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Խտրականության արգելում, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Զինված ուժեր, Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներՑավոք սրտի, մարդու իրավունքների ոլորտում չկա այդպիսի մի բնագավառ, որ մտահոգություն չլինի, բայց ես կառանձացնեմ դատական իշխանության անկախության բացակայությունը, և դա առաջին և գլխավոր մարտահրավերն է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակը 2012 թվականին:
«Եթե անդրադառնանք պետության, իշխանությունների կողմից կամքի դրսևորմանը, և թե որքանով են իրենք ջանք գործադրում, որ իրենց համապատասխան բնագավառում իրավիճակը փոխվի, որ մարդու իրավունքների մարտահրավերները, խոչընդոտները լուծվեն, ապա դա մեկ բառով եմ բնութագրում՝ անգործություն: Պրոբլեմն այն է, որ համապատասխան բնագավառների պատասխանատուների հիմնական շահագրգռվածությունը սեփական, խմբային կամ նեղ քաղաքական ակումբի շահերը բավարարել է, քան գործառույթներ կիրառելը, որ իրենց բնագավառում մարդու իրավուքների խախտումները կանխարգելվեն, կամ խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ ջանքեր գործադրվեն»,- ասաց Սաքունցը:
Ամփոփելով տարին՝ նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում հիմնականում մտահոգության առարկան խրոնիկ գերբեռնվածությունն է, զինված ուժերում մարդու իրավունքների խրոնիկ խախտումներն են, խախտված իրավունքների վերաբերյալ փաստերի ուղղությամբ ոչ պատշաճ քննության իրականացումը:
«Այս տարի, ցավոք սրտի, մահացության դեպքերի թիվը ավելացավ զինված ուժերում՝ համեմատած անցած տարվա: Մեծ թիվ ունեցանք տեխնոգեն, տեխնիկական վթարների պատճառով, բայց, այնուամենայնիվ, դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ զինված ուժերում տեխնիկական անվտանգության խնդիրներն են օրհասական և օրակարգային խնդիր դարձել, որը հանգեցնում է նաև մարդկային զոհերի: Մյուս կարևոր բնագավառը ոստիկանությունն է: Բաժիններում բռնությունները, խոշտանգումները, մարդկային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ոչ միայն շարունակվում են և հիմնական գործելակերպն են ցուցմունքներ կորզելու, բացատրություններ վերցնելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, այլև վատ վերաբերմունքի դեպքերով հաղորդումները պատշաճ քննության չեն արժանանում հատուկ քննչական ծառայության կողմից»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ քննչական ծառայությունը, ըստ էության, հայտնվել է պաշտոնական հանցագործությունների, տվյալ դեպքում՝ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունները կոծկողի դերում:
Սաքունցն առանձնացրեց նաև խնդիրները խոսքի, ինչպես նաև ինքնարտահայտման ազատության հետ կապված հարցերում: Նա մի քանի դեպք թվարկեց. DIY ակումբի հրկիզումը, քրեական գործ չհարուցելը, ադրբեջանական ֆիլմերի, «Պառադա» ֆիլմի ցուցադրման ձախողումները, իրավապաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումները, մասնավորապես՝ Արման Վեզիրյանի նկատմամբ, քաղբանտարկյալները՝ հանձինս ՀԱԿ-ի երիտասարդների, նաև քրեական հետապնդման միջոցով քաղաքական հետապնդումը Վարդան Օսկանյանի նկատմամբ:
«Թվում էր, թե իշխանությունները 2008-ի մարտի 1-ից հետո պետք է ինչ-որ դասեր քաղեին, բայց որևիցե դաս չեն քաղել, և իրենք համառորեն շարունակում են իրենց գործելակերպի հիմքում տեսնել մարդու իրավունքների համակարգային խախտման միջոցով սեփական իշխանությունը պահելը և վերարտադրվելը, որի ցայտուն դրսևորումը եղան Ազգային ժողովի ընտրությունները, և բուն մեխն այն է, որ պետական և կուսակցական մարմինները սերտաճել են: Տվյալ դեպքում՝ Հանրապետական կուսակցության սերտաճումը պետական մարմինների հետ»,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/4968.html