Արձագանք ճամբարի մասնակիցի կողմից
00:00, September 26, 2006 | Մամլո հաղորդագրություններՎանաձոր քաղաքից քիչ հեռու գտնվող /Հայաստան/ «Գուգարք» ճամբարում կազմակերպված միջոցառումից հետո մենք ստացանք նամակ մի հայ կնոջից, որը մեղադրում էր մեզ ադրբեջանցի և հայ երիտասարդներին հավաքելու և Նոր Խաչակապ /Սարալ/ գյուղի ադրբեջանական գերեզմանոցը վերանորոգելու համար:
Մենք նամակը ռուսերեն և անգլերեն թարգմանել ու ուղարկել էինք ճամբարի մասնակիցներին: Վերջերս ճամբարի ղարաբաղցի մասնակիցներից մեկի կողմից ստացանք պատասխան-նամակ: Այն թարգմանվել է ռուսերենից հայերեն և անգլերեն
Հարգանքներով`
Արթուր Սաքունց
Ճամբարի մասնակցի պատասխան նամակը՝
Բարև Ձեզ պարոն Սաքունց
Ես ստացա Ձեր նամակը ճամբարի մասին մեկնաբանություններով… Եվ ուզում եմ պատասխանել մեր համաերկրացու կողմից ուղարկված հաղորդագրությանը: Եվ այս նամակով ես դիմում եմ այդ մարդուն: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վերականգնված է ոչ թե ԹՈՒՐՔԱԿԱՆ, այլ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ գերեզմանոց:
Ես ուզում եմ քննարկել ձեր նամակը իրավական և բարոյական տեսանկյուններից:
Դուք, ես կարծում եմ, որոշել եք օգտագործել այնպիսի սկզբունք, ինչպիսին է խոսքի ազատությունը: Դուք ձեզ թույլ եք տվել մեր ադրբեջանցի ընկերներին անվանել «տականք և վիժվածք»: Բայց դուք մոռանում եք, որ Հայաստանում կա Սահմանադրություն, Քրեական Օրենսգիրք, որոնք պարունակում են մարդու և քաղաքացու պատվին և արժանապատվությանը վերաբերվող հոդվածներ… Օրինակ, ՀՀ Սահմանադրության հոդված 14-ում ասվում է. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»: Իսկ ՀՀ ՔՕ հոդված 136-ում նախատեսված է քրեական պատասխանատվություն մարդու և քաղաքացու պատվի և արժանապատվության նվաստացման համար… Հայաստանի օրենքներից բացի, գոյություն ունեն նաև մարդու պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերվող միջազգային փաստաթղթեր…
Ի՞նչ մենք ունենք տվյալ դեպքում: Դուք վիրավորում եք մարդկանց, ընդ որում չեք կարողանում իրավականորեն հիմնավորել ձեր իրավացիությունը: Դուք ԿՈՊԻՏ ՁևՈՎ խախտում եք ձեր երկրի օրենքները, չնայած համարում եք ձեզ բարեպաշտ քաղաքացի և երևի ձեր երկրի «պատրիոտ»: Ձեր արտահայտություններում վառ արտահայտված է ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական, ազգային ատելությունը, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին: Դա հանդիսանում է կոպիտ խախտում և նույնիսկ հնարավոր է, որ ինչ որ մեկի համար խթան հանդիսանա մեր ժողովուրդների միջև ազգային խտրականություն առաջացնելու գործում: Ձեր նամակում արտահայտված է ոչ միայն անհարգալից վերաբերմունք ադրբեջանցիների նկատմամբ, այլև՝ ձեր ժողովրդի նկատմամբ:
Այժմ դիտարկենք այս իրավիճակը այլ հարթության մեջ:
Վերականգնվել է ադրբեջանական գերեզմանոց, կազմակերպվել է հանդիպում հայ և ադրբեջանցի երիտասարդության միջև: Դա կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Սակայն դուք նկատել եք դրա մեջ ինչ-որ բացասական բան՝ անվանելով ադրբեջանցիներին տականքներ և վիժվածքներ նրա համար, որ նրանք ավերում են մեր հուշարձանները: Հետևելով ձեր տրամաբանությանը՝ որպես օրինակ վերցնենք հենց այդ ադրբեջանական գերեզմանոցը, որը ավերվել էր ՀԱՅԵՐԻ կողմից: Այս ամենից հետևում է, որ հայերը նույնպես տականքներ և վիժվածքներ են, քանի որ ավերել են ադրբեջանական գերեզմանոցը:
Ինչպես ես հասկացա, դուք հանդիսանում եք հայ, և ինքներդ ձեզ անվանում եք տականք և վիժվածք… Հետաքրքիր է ստացվում:
Նշեմ ևս մեկ պահ. ճամբարը կոչվում էր «Վստահության ճամբար» և նրա նպատակն էր Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի երիտասարդների շփման ապահովումը: Մենք մեկնեցինք այնտեղ նույնիսկ չպատկերացնելով, որ մեզ համար այդքան դժվար կլինի բաժանումը, չէինք պատկերացնում, որ կլինեն արցունքներ, վիրավորանքի արցունքներ, նրա համար, որ մարդիկ չեն հասկանում, որ ատելությունն ու չարությունը ոչնչի չեն բերի: Իսկ մենք՝ երիտասարդությունս, ձգտում ենք խաղաղության, վստահության և ըմբռնման: Մենք՝ Ղարաբաղի երիտասարդներս, շատ էինք սպասում այդ հանդիպմանը, իսկ ադրբեջանցիներն եկել էին շփվելու մեզ հետ, երբ շատերը ուղղակի արհամարհում են մեզ: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ջերմ և ընկերական մթնոլորտ էր տիրում ճամբարում: Մենք շփվել ենք ընդամենը 5 օր, բայց այդ 5 օրը շատ տարիներ արժեր: Թե° հայ, և թե° ադրբեջանցի երիտասարդների աչքերում չկար ոչ մի կաթիլ չարություն կամ ատելություն միմյանց նկատմամբ:
Մեզ հետ կար մի աղջիկ, որի հայրը զոհվել էր պատերազմի ժամանակ, սակայն նա չէր բոյկոտում ադրբեջանցիների դեմ, չէր նախատում և ցեխ չէր լցնում նրանց վրա, նա իրեն պահում էր արժանապատիվ ձևով, ինչպես հայուհի, ինչպես իր Հայրենիքի պատրիոտ:
Խոսել, գրել կարելի է ամեն ինչ… ՀՔԱ-ն այնքան արել, անում է կամ փորձում է անել մեզ համար, ձեզ համար, երկրի համար… Ինձ մոտ հարց առաջացավ, իսկ դուք ի՞նչ եք անում ձեր երկրի համար: Դուք կարո՞ղ եք անել թեկուզ մի մասը այն ամենի, ինչ արել է ՀՔԱ-ն:
Եթե դուք չեք ըմբռնում գործի էությունը, չեք հասկանում՝ ինչ է տեղի ունենում, այդ դեպքում ինչու՞ ընդհանրապես գրել ինչ-որ բան: Ավելի լավ չէ՞ր լինի ուղղակի մարդկային ձևով հարցնել: Ինչու՞ եք ընդհանրապես գրել: Ինչու՞ եք վիրավորել մարդկանց: Ո՞վ է ձեզ իրավունք տվել վիրավորել:
Ես հիշեցի երկու ասացվածք, առաջինում ասվում է. «Նախքան խոսելը պետք է մտածել», իսկ երկրորդը. «Ավելի լավ է խելացիորեն լռել, քան անխելք խոսել»:
Մտածեք սրա շուրջ: Ես հուսով եմ, որ կարդալով այս ամենը, դուք կմտածեք և կանեք ճիշտ հետևություններ… Եվ հուսով եմ ձեր խիզախությունը կբավականացնի ներողություն խնդրել մեր ադրբեջանցի ընկերներից և մեզնից…