Գենդերային անհավասարությունը երիտասարդական խաղաղասիրական ծրագրերում
00:00, December 10, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ-ի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը, Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում կայացավ դասընթաց, որը կազմակերպվել էր UNOY Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի, Խաղաղության երկխոսության և PATRIR կազմակերպությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ:
Դասընթացին մասնակցում էին 29 երիտասարդներ տարբեր երկրների կազմակերպություններից, որին ներկա էր նաև UNOY Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի անդամ հանդիսացող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը:
Դասընթացի ընթացքում, որը նպատակ ուներ բացահայտելու, թե ինչպես կարող են երիտասարդական խաղաղասիրական կազմակերպությունները դիմագրավել գենդերային անհավասարության խնդիրներին իրենց ծրագրերում ու գործունեության մեջ, մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր թեմաների, ինչպիսիք են գենդերային կոնցեպցիաները մարդու իրավունքների տեսանկյունից, գենդերն ընդհանրապես, երիտասարդությունը և խաղաղությունը, գենդերային մոտեցումներ ներառող ծրագրերի կառավարում և գենդերային հավասարությունը որպես քաղաքականության ուղղություն: Նրանց տրամադրվեցին գործնական ռեսուրսներ գենդերային ծրագրեր իրականացնելու համար:
Կարևոր նշանակություն տրվեց մշակութային բազմազանությանը գենդերային դերերի տարբերակման մեջ, գենդերի նկատմամբ անհատական մոտեցումներին, մասնակիցների փորձին գենդերի, երիտասարդության հետ աշխատանքի և խաղաղասիրության բնագավառում: Մասնակիցներից ոմանց հնարավորություն ընձեռնվեց անցկացնելու իրենց խմբային աշխատանքը: Մասնակիցները ծանոթացան տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իրականացվող միմյանց գործունեությանը:
Ըստ մասնակիցների՝ իրենք ստացել են նոր եռանդ, գիտելիքներ, գործիքներ ու նոր կապերի հնարավորություն տարբեր երկրներում, որոնք հույս ունեն, որ կօգտագործեն իրենց խաղաղասիրական աշխատանքում: