Գերեզմանները ազգություն չունեն
00:00, September 4, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱդրբեջանի Ղուշչի գյուղի հայերը պատերազմից փախան Հայաստան: Ադրբեջանաբնակ Սարալ գյուղն այն ժամանակ դատարկվեց իր ադրբեջանցի բնակիչներից ու ընդունեց Ղուշչիից եկած հայերին:
Սարալ ադրբեջաներեն նշանակում է դեղին: Նորաբնակներն այն վերափոխեցին Նոր Խաչակապով, ինչը ադրբեջաներեն նշանակում է խաչերով շրջապատված: Հին Սարալում են թաղված հնաբնակ ադրբեջանցիները, որոնց շիրիմները հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին ավերվել են: Նոր Խաչակապում ժամանակին քանդված ու շիրմաքարերն այս ու այն կողմ ընկած գերեզմանոցում ննջում է 65 մարդ:
Ղուշչիում ծնված ու կյանքի մայրամուտը Նոր Խաչակապում անցկացնող 74-ամյա Աշոտը ասում է, թե իրենք չեն քանդել ադրբեջանցիների գերեզմանները:
«Դրանք արել են զինվորները դեռ 18 տարի առաջ»,-ասում է նա: Հայրենի Ղուշչիում են հանգչում նրա ծնողներն ու նախնիները, որոնց շիրիմներն իրեն հասած լուրերով ադրբեջանցիները քանդել են:
Նոր Խաչակապի գյուղապետ Սուրիկ Տռուզյանի ադրբեջանցի ընկերները նկարահանել են Ղուշչիում հանգչող իր հարազատների շիրմաքարերի տեսաերիզն ու ուղարկել իրեն: Այդպես նա համոզվել է, որ հարազատների գերեզմանները չեն ավերվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Փոխվստահության ձևավորում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում այս տարվա ապրիլից ուսումնասիրեց նախկին ադրբեջանաբնակ գյուղերի գերեզմանոցներն ու նորոգման համար ընտրեց Նոր Խաչակապը: Չորս ամսվա ընթացքում վերականգնվեց ադրբեջանական գերեզմանոցը՝ շիրմաքարերը նորոգվեցին ու տեղադրվեցին նախկինի նման:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նորոգված գերեզմանոցի պահպանումն ու հսկողությունը հանձնեց տեղական իշխանություններին: Բարեկարգված գերեզմանոցը տեսնելու էին եկել ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի, Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» ՀԿ, Միջազգային Կարմիր Խաչի, Լոռու մարզպետարանի, ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության Լոռու և Տավուշի մարզերի տեսչության ներկայացուցիչները: Գերեզմանոցի այցելուները ծաղիկներով հավերժացրին նախկին Սարալի նախնիների հիշատակը, հայկական ավանդույթի համաձայն օղորմի տվեցին, ադրբեջանական ավանդույթի համաձայն՝ աղոթեցին: Նոր Խաչակապի գյուղապետը իր և գյուղացիների անունից հյուրերին խոստացավ պահպանել գերեզմանոցն ու թույլ չտալ դրանց ավերումը:
«Գերեզմանները մեր պատմությունն են»,-Սուրիկ Տռուզյանն իր ելույթում խոսեց խաղաղության ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ կենցաղի, հին ու բարի օրերի մասին: Նա ցուցադրեց Ղուշչի գյուղում թողած իր հարազատների գերեզմանների տեսաերիզը, կարոտով խոսեց իր հայրենի գյուղի մասին: Սուրիկ Տռուզյանի համար այս հանդիպումը առիթ էր վերհիշել հարազատ ադրբեջաներենն ու ադրբեջանցի հյուրերի հետ կարոտով խոսել հարազատ վայրերի մասին:
ՀՔԱ Ադրբեջանի ու Հայաստանի կազմակերպությունների նպատակն է մշակութային և խաղաղասիրական բնույթի միջոցառումների շնորհիվ վստահություն ձևավորել հակամարտող հասարակությունների տարբեր շերտերի՝ հատկապես երիտասարդների միջև:
Ադրբեջանցի, հայաստանցի և ղարաբաղացի 30 երիտասարդներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ հանդիպեցին Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում: Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց մշակութային առանձնահատկություններին, խոսել խաղաղության մասին, այցելել Նոր Խաչակապի ադրբեջանական գերեզմանոց, դիտել գերեզմանոցի նորոգման աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմը:
Ադրբեջանում ծնված ու մեծացած 74 տարեկան Աշոտ պապի համար ադրբեջանցու գերեզման նորոգելը վատ բան չէ: «Չեմ թողնի, որ քանդեն»,-ասում է նա ու ցանկանում, որ ադրբեջանցիներն էլ հայկական գերեզմանները նորոգեն ու չքանդեն:
Նաիրա Բուլղադարյան