Գերված հայաստանցիները Ադրբեջանում «ենթարկվում են բռնությունների»
00:00, June 6, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Արշակ Կարապետյանը հունիսի 5-ին հայտարարեց, որ ապրիլին Նախիջեւանում գերի ընկած չորս Հայաստանի քաղաքացիները ադրբեջանցիների կողմից ենթարկվում են կտտանքների ու բռնությունների:
Կտտանքների նպատակը, ըստ Կարապետյանի, այդ երիտասարդներից կեղծ ցուցմունքներ կորզելն է ու նրանց իբրեւ դիվերսանտներ ներկայացնելը:
Չորս հայաստանցի երիտասարդները ապրիլին, ըստ պաշտպանության նախարարության, «սխալմամբ մտել էին Նախիջեւան», որտեղ նրանց գերել են ադրբեջանական ուժերը:
Կարապետյանը կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե այդ չորս հայաստանցիները Ադրբեջանի տարածք են անցել դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար:
Անցած ամիս Ադրբեջանը համաձայնել էր վերադարձնել այդ չորս հայաստանցի գերիներին, սակայն հետագայում փոխել էր որոշումը:
«Երեւի թե նպատակը հենց եղել է այն, որ Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանի շփման գծում ինչ-որ խնդիրների սրացման եւ մեր կողմից պատասխան քայլերի ակնկալիքով», – ասաց Կարապետյանը` հավելելով նաեւ, որ այս պահին գերված չորս հայաստանցիների վերադարձնելու շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ չեն ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը «կապի դուրս չի գալիս»:
www.azatutyun.am