Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»
00:00, March 11, 2008 | Ընտրական իրավունք«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում, հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում»,- համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Էմմա Գաբրիելյան
– Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին՝ կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին:
– Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Օպերայի հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե° նստացույցի մասնակիցներին, թե° ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին՝ Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է:
Օպերայի հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ:
Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Օպերայի հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին:
Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք:
Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր:
Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել:
– Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ:
– Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ:
Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեց հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով, դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանի հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր եին խլում. փաստորեն, որ սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային… Ո’չ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ:
Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում, դա հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ` մարդկության հանդեպ. նա կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում: Սրա ապացուցողական փաստերը բազմաթիվ են եւ շեշտակիորեն ավելանում են` այս մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ է միջազգային հանրությունը: Մեկ հատկանշական փաստ` ինչու՞ են իշխանությունները կտրականապես հրաժարվում, որպեսզի ստեղծվի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող միջազգային անկախ հետաքննող մարմին… Որովհետեւ դրա կազմակերպիչները իրենք են եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Քոչարյանը. նրան միայն հարկավոր էին զոհեր, գնդակահարվեցին մարդիկ, ովքեր անգամ ցուցարարներ չէին` խաղաղ անցորդներ էին, նրան պետք էր արտակարգ դրություն հայտարարել: Հետեւաբար, մեծագույն այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ մարտի 1-ին, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված, ծրագրված հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես առայժմ չեմ անդրադառնա մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մանրամասներին, արդեն հսկայական տեղեկություններ եւ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են Քոչարյանի գործած ոճրագործությունը, սակայն արդեն իսկ անվիճելի է, որ Քոչարյանը արյուն թափեց՝ նպատակ ունենալով այդ արյունը «բարդել» ընդդիմության վրա, սակայն այս անգամ նրա հաշվարկները չարդարացան: Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքերից հետո ոչ միայն սգո օր չհայտարարվեց, այլեւ` նա ցավակցություն չհայտնեց զոհվածների ընտանիքներին. իրեն մտավորական համարող Քոչարյանի նոմենկլատուրայի որեւէ ներկայացուցիչ նույնպես ցավակցություն չհայտնեց, ավելին` ԼՂ-ից ոչ միայն համաժողովրդական Շարժմանը սատար կանգնելու որեւէ արձագանք չեղավ, այլեւ չգտնվեց ցավակցություն հայտնող:
Քոչարյանը իր սահմանափակ, գավառամիտ եւ բացառապես քրեական (կրիմինալ) մտածողությամբ չի գիտակցում մեկ պարզ իրողություն. սա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, սա արդեն մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների պայքարն է. ժողովուրդը սա երբեք չի հանդուրժելու եւ պայքարը իրականում նոր է սկսվում: Մի ուշագրավ փաստ եւս` մարտի 1-ի երեկոյան ինձ երկու տասնյակից ավելի մարդիկ մոտեցան, ասացին, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, բայց որոշել են Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ գալ` Ազատության հրապարակում առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններից հետո: Այսինքն` մի կողմում մեր ամբողջ հասարակությունն է, իսկ մյուս կողմում` իշխանությունը: Քոչարյանը ապացուցեց, որ եղել եւ մնում է օտար, որ ինքը օկուպացիոն ռեժիմ է ղեկավարում եւ այժմ այդ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի է ելել ողջ ժողովուրդը, եւ այդ ռեժիմը դատապարտված է: Քոչարյանը գտնվելով անդունդում` փորձում է իր շրջապատին էլ քաշել անդունդը:
Մեկ կարեւորագույն հանգ•ամանք` համաժողովրդական այս Շարժման եւ 1988թ. Շարժման միջեւ զուգահեռներ-ընդհանրություններ անշուշտ կան, սակայն այս Շարժումը դրականորեն էապես տարբերվում է 1988թ. Շարժումից. սա Շարժում է հանուն ազատության եւ քաղաքացիական իրավունքների, սա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների Շարժումն է` հանուն արժանապատվության եւ ազատության հաստատման: Իշխանությունները չեն գիտակցում, որ այսօր գործ ունեն նոր ժողովրդի հետ. սա այն ժողովուրդը չէ, որը մինչ այժմ էր, այս ժողովուրդը գիտի ինչ է անում, եւ զանգվածային ինքնակազմակերպման այն գործընթացները, որոնք ծավալվում են` անշրջելի են: Այս իշխանության ճակատագիրը կանխորոշված է, նրանց չի փրկի ոչ միջազգային հանրությունը (որի դիրքորոշումն իմիջիայլոց կտրուկ փոխվել է հօգուտ հայ ժողովրդի), ոչ կրիմինալը: Ես հպարտ եմ, որ հիմա մենք այսպիսի ժողովուրդ ենք: Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ գեներալիտետը հստակ գիտակցում են, թե Ռ.Քոչարյանը ինչպիսի արհավիրքի առաջ է իրենց կանգնեցրել, քանի որ այն արյունը, որը թափվել է մարտի 1-ին` ոչ միայն Քոչարյանի վրա է, այլեւ իրենց վրա է, եւ նրանք պիտի գիտակցեն, որ ովքեր Քոչարյանի կողքին են այսօր` նրանք եւս հանդիսանում են այդ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները:
– ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ը օրերս հրապարակեց իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում բավականաչափ օրինախախտումների փաստեր են ներկայացված, Եվրամիության նախագահության հայտարարության եւ արեւմտյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների ականատեսն ենք վերջին օրերին: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները միջազգային հանրության պահաջները, կոչերը շրջանցելու մարտավարություն են կարծես որդեգրել. օրինակ` ամենահաճախ հնչող հորդորներից մեկը` «բոլոր կողմերի միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարն է, որը չի կայանում: Նման իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում` Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով:
– Միջազգային հանրության կողմից արձագանքները բազմաթիվ են` միջազգային տարբեր ատյաններից, կազմակերպություններից, կուսակցություններից, անհատներից, հսկայական թվով համերաշխության ուղերձներ են ստացվում: Կանդրադառնամ երկուսին. ԵՄ նախագահության հայտարարությունը կոչ էր ուղղված երկու կողմերին` Տեր-Պետրոսյանին եւ իշխանություններին. հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը անվերապահորեն ընդունել է` այդ մասին հայտարարելով Հայաստանի ամենաբարձր ատյանում` Սահմանադրական դատարանում: Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա: Երկրորդ կարեւոր փաստաթուղթը` ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցն է, որը, ըստ էության, դատավճիռ է այս իշխանությունների համար: Այդ զեկույցից կարելի է բացառապես մեկ եզրակացություն անել` Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` ապա իշխանությունները մյուս թեկնածուների հետ, այսինքն` իրենց ներսում ինչ-որ բանակցություններ են վարում: Այս ընտրությունները հստակ եւ վերջնականապես ցույց տվեցին թե’ մեր ժողովրդին, թե’ ամբողջ աշխարհին, որ գոյություն ուներ ընդդիմության մեկ թեկնածու, իշխանության ութ թեկնածու` առանց որեւէ բացառության եւ նույնիսկ այդ պայմաններում Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այժմ էլ տեղեկատվական բլոկադա են իրականացնում, զանգվածային կեղծիք ու սուտ են տարածում, թույլ չեն տալիս թերթերը տպագրվեն, կայքեր են արգելափակում, ինտերնետն էլ գուցե արգելեն` այս պայմաններում դա էլ չի բացառվում. հետո ի՞նչ պետք է անեն` «սանձել է ուզում հողմերին էս ողորմելին»…
– Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման հարյուրավոր կողմնակիցների, Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ մշակվել է քաղաքական հետապնդումների հստակ ծրագիր. այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետագա քայլերը եւ իշխանության հետագա գործողությունները. ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները արտակարգ դրություն հայտարարելուց հետո:
– Ինչպես գ•իտեք, հարյուրավոր ձերբակալվածներ կան: Տեր-Պետրոսյանն արդեն դիմել է` ամսի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես եղել է` այդպես էլ շարունակելու է մնալ բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ, որ Քոչարյանը սրանով չի սահմանափակվելու, նա նորանոր սադրանքներ է կազմակերպելու, որպեսզի երկարաձգի արտակարգ դրությունը, ավելին` հաշվի առնելով Քոչարյանի ոչ ռացիոնալ, իրավիճակին բացարձակապես ոչ համարժեք (ոչ ադեկվատ) մտածելակերպը, վստահ եմ, որ նրա ծրագրերում մտնում է նաեւ ռազմական դրություն հայտարարելու գաղափարը, որը կարող է իրագործել` օգտագործելով ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք ես չափազանց մտահոգիչ եմ համարում: Չեմ բացառում, որ դեպքերի նման ընթացքի դեպքում նա փորձի ապրիլի 9-ի Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունն էլ ոչ նպատակահարմար համարել: Իսկ Տեր-Պետրոսյանը այս ամբողջ ընթացքում խախտել է ընդամենը մեկ օրենք, այսպես կոչված` «չարտոնված հանրահավաքներ» է անցկացրել (թեեւ «չարտոնված ցույց, հանրահավաք, երթ» ձեւակերպում գոյություն չունի` հանրահավաքը խաղաղ է, կամ ոչ խաղաղ), մինչդեռ այսօր գոյություն չունի քրեական մեկ հոդված, Հայաստանի ստանձնած մեկ միջազգային պարտավորություն, որը այս իշխանությունները խախտած չլինեն: Ամեն օր ձերբակալվածների, կալանավորների թիվը ավելանում է, շարունակում են ռեպրեսիաները, իշխանությունները ավելի են սրում իրավիճակը: Այսինքն` այս իշխանությունները ապացուցում են, որ Հայաստանում իսկապես ավազակապետություն է, որ այս իշխանությունների հիմքը կրիմինալն է: Ի դեպ, միջազգային հանրությունն էլ արդեն համոզվել է, որ Հայաստանում ավազակապետություն է, եւ որ ԱԺ, ՍԴ, դատարաններ գոյություն չունեն, դրանք ընդամենը ցուցանակներ են:
– Այսպիսի մեկ հարց. ընդհանրապես, երբ ասում ենք «իշխանություններ», ու՞մ պետք է նկատի ունենալ` Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին, եւ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն Ռ.Քոչարյա՞նն է, թե՞ Ս.Սար•սյանը:
– Չեմ ցանկանում նրանց միմյանցից տարանջատել. Գոյություն ունի պարագլուխ, որը արդեն կործանված է, իր շրջապատին էլ իր հետ տանում է:
– Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ որեւէ այլ վճիռ չէիք ակնկալում ՍԴ-ից, իրո՞ք կանխատեսելի էր այդ վճիռը:
– Ավելի քան կանխատեսելի էր:
– Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրությունը Ձեր կարծիքով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ու՞նի, եւ եթե այո` ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:
– Անշուշտ կապ ունի, որովհետեւ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի` նա Ղարաբաղն էլ կզոհի, ժողովրդին էլ է պատրաստ զոհել` հանուն իր անձի. նրա գործողությունները երբեք ադեկվատ չեն իրավիճակին: Իսկ հետեւանքները կարող են շատ ծանր լինել առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի համար: Եթե Քոչարյանի իշխանությունը երկարաձգվի` ԼՂ-ի հարցը արդեն անվերադարձ կլուծվի` գուցե արդեն դե ֆակտո:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://anonymouse.org/cgi-bin/anon-www.cgi/http://zhamanak.com/article/8579/