Դատարանը մերժեց դիմումը
00:00, April 13, 2007 | Արդար դատաքննության իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԱպրիլի 13-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի դիմումն ընդդեմ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ հանձնաժողովի 2007թ-ի ապրիլի 3-ի թիվ 8ա որոշումը անվավեր ճանաչելու և տեղական հանրաքվեի նախաձեռնող խումբը գրանցելու պարտադրելու պահանջի մասին:
Վճռի կայացմանը դատավոր Ալավերդյանից պահանջվեց 4 օր: Դատավորը կողմերին լսեց ապրիլի 9-ին, իսկ վճիռը հրապարակեց ապրիլի 13-ին:
Վճռի ընթերցմանը ներկա էին նախաձեռնող խմբի անդամները, Վանաձոր համայնքի ղեկավարի ներկայացուցիչը, ԵԱՀԿ դիտորդները և վանաձորցիները:
Հիմնավորում: Դատարանի գնահատմամբ, տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը չի կարող դրվել տեղական հանրաքվեի: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասը նման բան չի նախատեսում:
Դատարանը հաստատված համարեց նաև այն փաստը, որ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին հիմնավոր է և բխում է օրենքի պահանջներից:
Առարկում: Տեղական հանրաքվեի նախաձեռնող խումբը պնդում է, որ հանձնաժողովի որոշումը չի համապատասխանում հանրաքվեի մասին օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին, քանի որ դրանում նշված չեն մերժման հիմքերը: Ինչպես նաև տեղական հանրաքվե իրականացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրության 107-րդ հոդվածում:
Օրենքի դրույթների մեջ առկա անհամապատասխանությունը, սահմանադրական նորմի կիրառելիությունն ապահովելու համար նախաձեռնող խումբը դիմելու է Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 1 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել էր «Վանաձոր համայնքի ղեկավար՝ Սամվել Դարբինյանին անվստահություն հայտնելու մասին» տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով նախաձեռնող խմբի գրանցման դիմումը:
Նախաձեռնող խումբը, համաձայն չլինելով տվյալ որոշման հետ, դիմել էր դատարան Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ապրիլի 3-ի որոշումն անվավեր ճանաչելու և նախաձեռնող խումբը գրանցելու պարտադրելու պահանջով:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժման մասին որոշումը կայացրել էր առանց հիմնավորման: Դատական նիստի ընթացքում նրանք մերժումը հիմնավորեցին նրանով, որ տեղական հանրաքվեի անցկացման բացառիկ իրավասությունը պատկանում է համայնքի ավագանուն:
Նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ այդ որոշումը չի բխում ՀՀ օրեսդրությունից: Դրանով խախտվում է Վանաձոր համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների սահմանադրությամբ ամրագրված «տեղական հանրաքվե անցկացնելու» իրավունքը: