Դիտորդական առաքելության իրականացում
00:00, May 2, 2007 | Ընտրական իրավունքՄայիսի 1-ին Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների անցկացման կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր «Դիտորդական առաքելության իրականացում» թեմայով սեմինարը:
Սեմինարին մասնակցում էին Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան, Բերդ քաղաքներից և Երևանից 51 դիտորդներ:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դիտորդի իրավունքները, դիտորդի վարքագծի կանոնները, ի՞նչ պետք է անի դիտորդը քվեարկության օրը, դիտորդի գործունեության երաշխիքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Կարեն Թումանյանը մասնակիցներին ծանոթացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթներին:
Դիտորդների իրավունքները սահմանվում են ՀՀ ԸՕ-ի 30 հոդվածով՝ դիտորդը իրավունք ունի ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում: Դիտորդը իրավունք ունի նաև անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճեները, կատարել քաղվածքներ:
Դիտորդի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Դիտորդները չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց դիտորդական առաքելության իրականացման մեթոդները:
Դիտորդներին տրամադրվեցին ընտրական տեղամասի դիտարկման հաշվետվության ձևեր, ընտրական գործընթացի դիտորդական առաքելության իրականացման արդյունքների տիպային օրինակներ, ՀՀ Ընտրական օրենսգրքեր:
Մայիսի 12-ին ԱԺ-ի ընտրություների ժամանակ կազմակերպության կողմից դիտորդություն է իրականացվելու Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում:
Դասընթացն իրականացվեց «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երևանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ: