Դպրոցների կառավարման համակարգի գործունեությունը
00:00, November 16, 2006 | Քննարկումներ | Երեխաների իրավունքներՆոյեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ մարզային քննարկում՝ «Դպրոցների կառավարման համակարգի գործունեությունը» թեմայով:
Հանդիպման նպատակն էր՝ մշակել առաջարկություններ ԱՀՌԾ վերանայման համար:
Քննարկումը կազմակերպվել էր ԱՀՌԾ վերանայման մասնակցային գործընթացի շրջանակներում ԱՀՌԾ աշխատանքային խմբի կողմից:
Մարզային քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, տեղական և միջազգային հասարկական կազմակերպությունների, Վանաձորի հանրակրթական դպրոցների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:
ԱՀՌԾ աշխատանքային խմբի անդամ, «Շողեր միություն» ՀԿ նախագահ Հասմիկ Ասլանյանը համառոտ ներկայացրեց ԱՀՌԾ աշխատանքային խմբի կառուցվածքը և գործունեությունը: Նա նշեց, որ նմանատիպ քննարկումներ տեղի են ունեցել Գյումրիում, Մեղրիում, Գավառում և Իջևանում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Ս. Պեպանյանը անդրադարձավ դպրոցների կառավարման համակարգերի հիմնախնդիրներին: Նա ներկայացրեց հանրակրթական դպրոցներում 2005թ.-ից իրագործվող կառավարման և ֆինանսավորման նոր ծրագիրը: Նրա կարծիքով կատարված և սպասվելիք փոփոխությունները պետք է միտված լինեն հանրակրթական կառավարելի հաստատություն ունենալուն: Առաջարկվող փոփոխություններն հիմնականում առնչվում են Դպրոցական խորհրդին:
Առաջարկվում էր խորհրդի յոթ հոգանոց կազմ՝ նախկին իննի փոխարեն, որոնց ընտրության կարգը դեռևս մշակման փուլում է:
Դպրոցական խորհուրդները պիտի օժտված լինեն տնօրենի նկատմամբ անվստահություն հայտնելու, առանց մարզպետի միջնորդության դատարան դիմելու իրավասությամբ:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց կրթության բնագավառում կազմակերպության իրականացրած ծրագրերի և ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ դիտարկումների արդյունքների՝ դպրոցական խորհուրդները ձևական բնույթ են կրում, չեն կատարում իրենց հիմնական ֆունկցիաները: Հաճախ գործիք են հանդիսանում մարզային ու համայնքային իշխանությունների ձեռքում:
Դպրոցական խորհուրդների գոյության մասին ծնողների միայն 5%-ն է տեղյակ: Այդ բացը լրացնելու համար Վ. Հոկտանյանն առաջարկում է մասնակցային մոնիթորինգների միջոցով ծնողներին ներգրավել դպրոցների գործունեության մեջ:
Այս առաջարկությունը ներկաների կողմից հավանության արժանացավ, քանի որ դրա իրագործումը կապահովի ծնող-ուսուցիչ-դպրոց եռակողմ կապը:
Վանաձորի հանրակրթական դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստեցին աղքատության գործոնի առկայությունը հանրակրթական հաստատություններում, ներկայացրեցին դրա հաղթահարման համար իրենց առաջարկները: Մասնավորապես՝ դասագրքերի, ուսուցիչների աշխատավարձի, դրույքաչափի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու խնդիրները:
«Այսօրվա քննարկումը պետք է նպաստի կրթական բնագավառի բարելավմանը՝ վաղվա սերնդի աղքատացումը կանխարգելելու համար»-իր ընդհանրական ամփոփիչ խոսքն ասեց Գերմանիայի Տեխնիկական համագործակցության ընկերության /GTZ/ ներկայացուցիչ Արսեն Խառատյանը: