ԵԴ հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը
00:00, November 6, 2007 | Արդար դատաքննության իրավունքՄատաղիսի գործի վերաբերյալ Եվրոպական դատարանը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը:
ՀՀ երեք քաղաքացիներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, ովքեր ծառայում էին Մատաղիսի զորամասերից մեկում, մեղադրվում էին զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որը լսվել էր ՀՀ երեք դատական ատյաններում, որից հետո նրանց պաշտպանը՝ Զարուհի Փոստանջյանը, գործը ուղարկել է Եվրոպական դատարան՝ բողոքարկելով ՀՀ դատարանների գործողությունները:
Եվրոպական դատարանը հանձն է առել գործի քննությունը եւ ՀՀ Կառավարությանն ուղարկել է հարցեր:
Եվրոպական դատարանի ՀՀ կառավարությանն ուղղված հարցերը՝
1. Արդյո՞ք մինչև 2004 թ-ի ապրիլի 23-ին Երևան քաղաքի N10724 զինվորական բաժնի մեկուսարան հայցատիրոջ փոխադրումը Լեռնային Ղարաբաղում կատարված իրադարձությունները գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավասության շրջանակներում՝ մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի իմաստով: Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը նշել հետևյալը.
• Ի՞նչ հիմքերով են հայցատերերը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում զինվորական ծառայության մեջ այն երկրի տարածքում, որը տվյալ դատական գործի խնդրո առարկան է.
• Ի՞նչ հիմքերով են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը գործում խնդրո առարկա երկրի տարածքում.
• Ի՞նչ հիմքերով են առաջին ատյանի դատարանի նիստերը անցկացվել խնդրո առարկա երկրի տարածքում:
2. Հայցատեր Զալյանը ենթարկվե՞լ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը նշել՝ արդյո՞ք հայցատեր Զալյանն անցել է բժշկական հետազոտություն մինչ 2004 թ-ի հուլիսի 6-ին նրա փոխադրումը ազատազրկման վայր և եթե անցել է, ապա խնդրում ենք տրամադրել բժշկական հետազոտության արդյունքների պատճենները:
3. Արդյո՞ք ՀՀ իշխանությունները իրականացրել են արդյունավետ պաշտոնական հետաքննություն՝ պարզելու հայցատեր Զալյանի բողոքների հիմնավորվածությունը, այն է՝ իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: (Տես՝ Լաբիտան ընդդեմ Իտալիայի[GC], N 26772/95, 131, ՄԻԵԿ 2000-IV)
4. Արդյո՞ք հայցատերեր Սարգսյանն ու Սերոբյանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան (իրենց նկատմամբ իրավապահ մարմինների կողմից անմարդկային վերաբերմունքի դրսևորում) իրենց հայցերը Դատարան են ներկայացրել դատարանի վերջին վճռից հետո վեց ամսյա ընթացքում՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն: Եթե՝ այո, ապա հայցատերեր Սարգսյանն ու Սերոբյանն ենթարկվե՞լ են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունքի: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները իրականացրել են արդյունավետ պաշտոնական հետաքննություն՝ պարզելու հայցատերեր Սարգսյանի ու Սերոբյանի բողոքների հիմնավորվածությունը, այն է՝ իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատաախան: Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը նշել՝ արդյո՞ք հայցատերեր Սարգսյանն ու Սերոբյանն անցել են բժշկական հետազոտություն նախքան 2004 թ-ի հուլիսի 6-ին նրանց փոխադրումը ազատազրկման վայր և եթե անցել են, ապա խնդրում ենք տրամադրել բժշկական հետազոտությունների արդյունքների պատճենները:
5. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պարտադիր բժշկական հետազոտություն ցուցաբերվե՞լ է հացատեր Զալյանին հացադուլի ընթացքում: Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը նկարագրել հացադուլի ողջ ընթացքում հայցատեր Զալյանին ցուցաբերված բժշկական օգնության մանրամասները, ինչպես նաև ներկայացնել համապատասխան բժշկական բոլոր փաստաթղթերի պատճենները:
6. Արդյո՞ք հայցատեր Զալյանն ազատազրկման մեջ է գտնվել 2004 թ-ի ապրիլի 19-ից մինչև ապրիլի 24-ը: Եթե այո, ապա նրա ազատազրկումը իրականացվե՞լ է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ազատազրկումը թույլատրող հիմքերից որևէ մեկով: Եթե այո, ապա հայցատեր Զալյանի ազատազրկումը կատարվե՞լ է վերոհիշյալ հոդվածի պահանջներին համապատասխան: Խնդրում ենք ՀՀ Կառավարությանը մանրամասն նշել ու ներկայացնել փաստաթղթային ապացույցներ, թե ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ նպատակներով և ի՞նչ հիմքերով է ազատազրկվել առաջին հայցատերը և պահվել մեկուսարանում վերոհիշյալ ժամանակահատվածում՝ նշելով ստույգ ամսաթվերը, ժամերը և վայրը:
7. Ենթադրենք, թե հայցատեր Զալյանն ազատազրկվել է նախքան իր պաշտոնական ձերբակալումը 2004 թ-ի ապրիլի 24-ին.
• Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան հայցատեր Զալյանն անհապաղ տեղեկացվե՞լ է իր ձերբակալման պատճառների և իրեն ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին.
• Նույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան հայցատեր Զալյանն անհապաղ տարվե՞լ է դատավորի մոտ.
• Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցատեր Զալյանին հնարավորություն տրվե՞լ է վիճարկել իր ազատազրկման օրինականությունը ու դատարանի համապատասխան որոշում ստանալ մինչև 2004 թ-ի ապրիլի 27-ին իր բուն գործով դատարանի առջև ներկայանալը:
8. Արդյո՞ք 2004 թ-ի օգոստոսի 24-ից մինչ նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հայցատեր Զալյանի կալանավորումը «օրինական» է եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (Տես՝ Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի):