Զեկույցը` որպես «ամոթի մոբիլիզացիայի ուղերձ…»
00:00, March 13, 2009 | Մամլո հաղորդագրություններՄարդու իրավունքների պաշտպանի` 2008 թվականին ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ օրերս ներկայացված տարեկան զեկույցը, ինչպես եւ սպասվում էր, բուռն ու տարաբնույթ հուզումների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Զեկույցը բավական ուժգնությամբ հրետակոծվեց հավասարապես եւ իշխանությունների կողմից` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, եւ ընդդիմության` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի: Դատախազությունը ՄԻՊ-ին մեղադրեց իր` դատախազության հաշվին սեփական քարոզչությունը կազմակերպելու մեջ, դա որակելով «ինքնահաստատման փորձ», որպես հիմնավորում վկայակոչելով այն հանգամանքը, թե ՄԻՊ-ը դատախազությանը մեղադրել է «ռեպրեսիվ կառույց» լինելու մեջ` առանց հիմնավորումների: Դե իսկ ՀԱԿ-ն էլ, հիշեցնենք, նախօրեին տարածած իր հայտարարության մեջ արձանագրել էր. «Ընդարձակ այդ զեկույցում անտեսված է այն քաղաքական իրողությունը, որը ձեւավորվել է Հայաստանում եւ որի հետեւանքով 2008թ.-ի ամբողջ ընթացքում համակարգված կերպով իրականացվել է մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների ոտնահարում: Մասնավորապես` …ձեւավորվել է քաղբանտարկյալների ինստիտուտը, եւ այսօր էլ 56 քաղբանտարկյալ պահվում է բանտերում…»:
Հայտարարության մեջ ասված է նաեւ. «Իշխանության ռեպրեսիվ բնույթին վերաբերող ցաքուցրիվ փաստերը վերագրված են հնուց ժառանգած վարչախմբին, իսպառ բացառվել է իշխող վարչախմբի քաղաքական կամքի գործոնը եւ պատասխանատվությունը: Ուստի` ՄԻՊ-ը, ըստ էության, ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը: Որդեգրելով նման կեցվածք` ՄԻՊ-ը փաստացիորեն դարձել է ռեպրեսիվ քաղաքական համակարգը սպասարկող ինստիտուտ, որ նպատակ ունի «անաչառ» գնահատողի հանդերձանքով ստեղծել ժողովրդավարական գործընթացների իմիտացիա»: Իրոք որ զիլ էր:
«Ժամանակը» հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականը օմբուդսմենի զեկույցին: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի եւ այս` տարեկան, եւ մարտի 1-ի դեպքերից հետո ներկայացված արտահերթ զեկույցները «բավական դրականե է գնահատում` բացառությամբ մեկ խնդրի. «Խոսքը վերաբերում է քաղբանտարկյալ կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված տերմինի բացակայությանը: Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քր.գործերով արդեն իսկ կայացված ու ուժի մեջ մտած դատական վճիռները լիովին հիմք են տալիս փաստելու, որ, օրինակ, Պետրոս Մակեյանը, Հարություն Ուռուտյանը, Մուշեղ Սաղաթելյանը միանշանակ դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար ու միանշանակ համարվում են քաղբանտարկյալներ: Այս առումով է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, օբյեկտիվորեն համաձայն չէ ՄԻՊ-ի զեկույցի այս բացթողման հետ` կապված քաղբանտարկյալների առկայության փաստը չնկատել տալու հետ: Իսկ ինչ վերաբերում է այն որակմանը, որ Արմեն Հարությունյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը, ապա ես նման կատեգորիկ գնահատական չէի տա, չնայած որ քաղբանտարկյալ տերմինի հետեւողական չգործածումը ՄԻՊ-ի կողմից թույլ է տալիս այդպես կարծելուե: Ինչ վերաբերում է զեկույցում իրավապահ համակարգին տրված գնահատականներին, ապա, ըստ իրավապաշտպանի, «դրանք միանշանակ ճիշտ ու օբյեկտիվ են», իսկ դրանց դատախազության կողմից տրված գնահատականները` «անողնաշար ու անհիմն»: Սաքունցը ընդգծեց նաեւ, որ «պաշտպանի կողմից ներկայացված թե մարտի 1-ի արտահերթ, եւ թե վերջին զեկույցներում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ արված հարցադրումները մնում են օրակարգում եւ քանի դեռ դրանց համապատասխան մարմինների կողմից պատասխան չի տրվել, ուրեմն դրանք կշարունակեն առկախված մնալ»: Ապա հավելեց. «Իսկ դատախազությունն ու իրավապահ համակարգի մյուս մարմինները, փոխանակ ՄԻՊ-ի բարձրաձայնած խախտումների հետքերով գնալուն, դրանք վերացնելուն, սկսում են հարձակողական ոճով գնահատականներ տալ օմբուդսմենին ու փորձում ամեն կերպ նրան սխալ հանել»:
«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանն էլ կարծիք հայտնեց, թե «ՄԻՊ-ի` 2008թ.-ի միջանկյալ զեկույցն ավելի ուժեղ էր, քան թե այս մեկը»: Նաեւ ասաց, որ «դատախազությունը ճիշտ կաներ` ընդհանրապես չարձագանքեր այդ զեկույցին, քանի որ այդ արձագանքն ավելի շատ ուղղված էր օմբուդսմենի ոչ թե այս, այլ` նրա նախորդ զեկույցին»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հայտարարությանը` զեկույցի վերաբերյալ, իրավապաշտպանը զերծ մնաց այն մեկնաբանելուց: Ի դեպ, «Հելսինկյան ասոցիացիան» օրերս հրապարակել է ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ իր` 2008թ.-ի զեկույցը, որը, Մ.Դանիելյանի գնահատմամբ, «շատ ավելի համապարփակ ու կոշտ է, քան ՄԻՊ-ի տարեկան զեկույցը»:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ավելի շատ նկարագրական գնահատականներ տվեց իր այժմյան կոլեգայի զեկույցին. «Այն բավական ընդլայնված ձեւաչափի մեջ է, որում համապարփակ ներկայացված են մարդու իրավունքների պաշտպանության ամենացավալի երեւույթներին նվիրված կողմերը, կառուցվածքը` բավականին պարզ է: Վիճակագրական տվյալները, որոնք բերված են, ապացուցում են, որ հասարակական վստահությունը ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ 2008թ.-ին, նախորդ տարվա համեմատ, բավական աճել է»: Տկն Ալավերդյանը, թեեւ ծանոթ չէր զեկույցի վերաբերյալ դատախազության եւ ՀԱԿ-ի արձագանքներին, բայցեւայնպես փորձեց ենթադրել դրանց բնույթը` նկատելով. «Հայաստանում դեռ չի ձեւավորվել մշակույթ, որ ՄԻՊ-ի կողմից ներկայացվող յուրաքանչյուր զեկույց` անկախ ոճից, ընկալվի որպես ամոթի մոբիլիզացիայի ուղերձ, որպես հասարակական պարսավանքի արժանի երեւույթների դեմ ուղղված կոչ: Մեզանում ավելի շատ ընդունված է քննադատել պաշտպանին այս կամ այն արտահայտության կամ գնահատականի համար: Կարծում եմ, որ այդ մշակույթը դեռ կձեւավորվի եւ ամբիոն ունեցող կողմերը վերջապես ճշմարիտ մոտեցում կցուցաբերեն ՄԻՊ-ի զեկույցներին»:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/11594/