Զինակոչիկներին շուտափույթ բուժում են
00:00, March 5, 2007 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2007 թվականի հունվարի 22-ից արդեն սկսել է 1991 թվականին ծնված զինակոչիկների կցագրման աշխատանքները: Դա նշանակում է, որ երիտասարդները ներկայանում են մարզային պոլիկլինիկաներ, անցնում են բոլոր կաբինետներով, անալիզներ են հանձնում: Փաստաթղթերը լրացվում են, որից հետո փոխանցվում են են բժիշկներին, որոնք էլ կայացնում են եզրակացություն:
Հիվանդ երեխաների գործերը առանձնացվում են եւ նրանք ուղարկվում են բուժման պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ:
«Մինչեւ 18 տարեկան հասակը պարտավոր են երեխաներին հրավիրել իրենց մոտ, նշանակումներ անեն, բուժումներ անեն, որպեսզի 18 տարեկան հայ երեխան ներկայանա մեզ արդեն բուժված»,- ասում է Արմավիրի զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը: Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին աճել է վատառողջ զինակոչիկների թիվը: Նույնը կարելի է ասել նաեւ 1991 թվականին ծնված զինակոչիկների մասին: Տիգրան Պետրոսյանը դա բացատրում է հետեւյալ գործոնով. «Հիմնականում մեզ ներկայանում են այն երեխաները, որոնք ծնվեցին Խորհրդային Միության փլուզումից հետո` անլույս, անհույս մեծացած երեխաներն են եւ պարզ է, որ այն ժամանակ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի վատ է եղել եւ երեխաները ժամանակին չեն սնվել: Մեծամասնությունը հիվանդ են, այո: Օրինակ բերեմ` նախորդ զորակոչի ժամանակ պլան-առաջադրանքը մեզ մոտ եղել է 567 հոգի, իսկ հետազոտման ուղարկվել է 700 հոգուց ավելի»: