Զինդատախազին Գլխավոր դատախազ նշանակելն անտրամաբանական է. իրավապաշտպան
09:42, September 27, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Քաղաքացիական վերահսկողություն«Գլխավոր դատախազի պաշտոնում պետք է առաջադրվեր Գլխավոր դատախազի ավելի փորձառու տեղակալ, ոչ թե զինդատախազ Գևորգ Կոստանյանը»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 26-ին, նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողովին է ներկայացրել զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը` ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու համար:
Ա. Սաքունցի կարծիքով` զինդատախազին Գլխավոր դատախազ նշանակելն առնվազն անտրամաբանական է: «Կոստանյանը դատախազությունում ոչինչ չունի անելու: Գլխավոր դատախազի մյուս տեղակալներն ավելի մեծ փորձառություն ունեն դատախազության համակարգին տիրապետելու առումով: Ավելի գրագետ են տիրապետում ամբողջ մեթոդոլոգիային»,- ասաց Սաքունցը: Մինչդեռ նրա խոսքով` Գ. Կոստանյանն ընդամենը երկու տարի է դատախազության համակարգում աշխատում: Իրավապաշտպանը միաժամանակ նշում է, որ վերջին հաշվով ով էլ առաջադրվի, միևնույն է` կատարելու է քաղաքական իշխանության պահանջները:
Այս առումով Սաքունցի կարծիքով` Գ. Կոստանյանը նույնիսկ մեծ առավելություն ունի: «Գևորգ Կոստանյանը ձգտելու է ավելի կաթոլիկ երևալ, քան Հռոմի պապը: Եթե կլինի քաղաքական որևէ հրահանգ, պահանջ, նա ձգտելու է շատ ավելին անել, քան այդ պահանջն է ենթադրում: Այնպես որ դատախազությանը շատ ավելի մեծ արհավիրքներ են սպասվում, քան նախկինում էր»,- նշեց Ա. Սաքունցը: Իսկ թե ինչով է պայմանավորված Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու նախագահի որոշումը, Ա. Սաքունցը պատասխանեց. «Որոշումը կայացվել է ոչ թե ըստ մասնագիտական հատկանիշների, այլ թե որքանով է տվյալ մարդը սերտ հարաբերությունների մեջ արքայի հետ»,- խոսքը եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.mamul.am