Ընտրություններին լայնորեն ներգրավված են քրեական խմբավորումները
00:00, April 12, 2011 | Քննարկումներ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ընթացքում, ամփոփելով անցած ընտրությունների փորձը, նշեց խախտումների իրականացման հիմնական եղանակները:
Սաքունցի խոսքերով, ընտրախախտումները հիմնականում իրականացվում են վարչական ռեսուրսների օգտագործմամբ, այդ թվում` ոստիկանության և զինված ուժերի օգտագործում. «Վերջին ընտրությունների ժամանակ ներգրավված էին նաև քրեական խմբավորումները` որպես վարչական ռեսուրսների կարևորագույն գործոններ»:
Ընտրախախտումների երկրորդ խումբն, ըստ Սաքունցի, ահաբեկումներն են ընտրողների և թեկնածուների նկատմամբ, որի մեջ մտնում են զանազան ճնշումները, ինչպես նաև կաշառելը:
Երրորդ խումբը` խոսքի և կարծիքի արտահայտման ազատության խախտումներն են. «Դա ոչ միայն թեկնածուների կարծիքները կամ ծրագրերը ընտրողներին հասցնելուն խոչընդոտելն է, այլ նաև հենց ԶԼՄ-ի նկատմամբ ճնշումներն ու լրագրողների նկատմամբ բռնություններն ու ահաբեկումները»,- ընդգծեց Սաքունցը:
Նրա խոսքերով, լայնածավալ օգտագործվում են նաև խմբային կազմակերպված կրկնակի քվեարկությունները, ինչպես նաև բացակա և մահացած ընտրողների մասնակցությունը:
Սաքունցի գնահատմամբ, խախտումները արձանագրվում են, բայց բողոքարկման արդյունավետ մեխանիզմ չկա, իսկ Սահմանադրական դատարանը 2003թ. նախագահական ընտրություններից հետո կայացրած որոշմամբ արդեն իսկ ցույց է տվել, թե ինչպիսին է դատական իշխանության դերը ՀՀ-ում: