Թմրամիջոց գործածողների արդար դատաքննության իրավունքը
00:00, March 16, 2009 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներ2009թ. մարտի 14-ին «Լոռի TV» հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ հերթական ուղիղ հեռուստաեթերը՝ կազմակերպված «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում:
Արթուր Սաքունցը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը, եթերի սկզբում ներկայացրեց ծրագրի շրջանականերում իրականացված գործողությունները, նշեց, որ սա թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միակ ծրագիրն է:
Հեռուստահաղորդման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում թմրամիջոց գործածող անձնաց դատավարությունների մոնիտորինգի և 2007-2009թթ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-276 հոդվածներով կայացված դատավճիռների վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ չի պահպանվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց արդար դատաքննության իրավունքը: Այս գործերով հիմնականում կիրառվում է դատական քննության արագացված կարգ, որի դեպքում չեն հետազոտվում մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձինք միջնորդում են կիրառել դատական քննության արագացված կարգ, սակայն դատարանում պարզվում է, որ նրանց նախաքննության ընթացքում պատշաճ կերպով չի բացատրվել դատական քննության արագացված կարգի իմաստը:
Մի շարք գործերով դատական քննության արագացված կարգի դեպքում չի ապահովվել պաշտպանի մասնակցությունը, թեև դատական քննության արագացված կարգի դեպքում պարտադիր է պաշտպանի մասնակցությունը: Մնացած դեպքերում պաշտպանի մասնակցությունը ձևական բնույթ է կրում, քանի որ պաշտպանին ընդամենը 5-10 րոպե է տրվում` գործին ծանոթանալու և պաշտպանությունը նախապատրաստելու համար:
«Վատն այն է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձինք հաճախ հակված են համաձայնության գալ ոստիկանության աշխատակիցների հետ, քան դիմել մեզ՝ իրավական աջակցություն ստանալու համար: Մեզ դիմում են այն ժամանակ, երբ գործը գտնվում է դատարանում: Այս հանգամանքը մեծապես խոչընդոտում է նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»: Ուստի Ա. Սաքունցը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է թմրամիջոց գործածողների մոտ վստահություն ձևավորել իրավական աջակցության կամ փաստաբանական ծառայության նկատմամբ:
Ծրագրի շրջանակներում թմրամիջոց գործածողների կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով պատրաստվել է տեղեկատվական թերթիկ, որը կտարածվի հասարակության շրջանում:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: