Թմրանյութ օգտագործող քաղաքացիների բուժման հնարավորությունը
00:00, December 25, 2007 | Թմրամիջոցներ գործածողներԴեկտեմբերի 24-ին Լոռի հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական հեռուստահաղորդումը:
Հեռուստահաղորման թեման էր «Առողջապահության ոլորտում թմրանյութ օգտագործող քաղաքացիների խնդիրները»: Եթերի ընթացքում Վանաձորի բնակիչները հնարավորություն ունեին ուղիղ հեռախոսակապի միջոցով իրենց հարցերն ուղղել հյուրերին և ստանալ իրնեց հուզող հարցերի պատասխանները:
Հաղորդման հյուրերն էին ծրագրի բժիշկ-փորձագետ Արշակ Դալլաքյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սաքունցը: Ծրագրի փորձագետի կողմից տրամադրվեց տեղեկատվություն թմրամիջոցների տեսակների և օրգանիզմի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ: Ընդհանուր ներկայացրեց նաև, թե որ թմրամիջոցը քանի անգամ օգտագործելու դեպքում է մարդու մոտ առաջացնում կախվածություն:
«Ի տերբերություն ֆիզիկական կախվածության, որը ներկա դեղորայքային պայմաններում հեշտ է հաղթահարել, հոգեբանական կախվածությունից դուրս գալու համար երկարատև վերականգնողական բուժում է պահանջվում», -նշեց Ա. Դալլաքյանը:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ այսօր ՀՀ օրենսդրությունը չի երաշխավորում առողջապահական մարմիններին դիմող թմրանյութ օգտագործող քաղաքացիների տվյալների գաղտնիությունը, դրանով իսկ խոչնդոտելով այդ քաղաքացիների բուժմանը:
Թմրանյութ օգտագործող քաղաքացիները խուսափում են իրավապահ մարմիններից, իսկ դիմելով բուժհաստատություններին՝ վստահ չեն, որ չեն բացահայտվի: Սա է հիմնական պատճառը, որ տվյալ քաղաքացիները հիմնականում չեն դիմում առողջապահական մարմիններին: «ՀՀ օրենսդրությունը, նարկոդիսպանսերներ ստեղծելով, մի կողմից թմրանյութ օգտագործող քաղաքացիներին բուժման հնարավորություն է տալիս, իսկ մյուս կողմից սահմանափակում է այդ հնարավորությունը ՝ նույն քաղաքացիներին ենթարկելով քրեական պատասխանատվության», – նշեց Ա. Սաքունցը:
Ուղիղ եթերի ընթացքում քաղաքցիների կողմից եղան նաև հեռախոսազանգեր: Մասնավորապես քաղաքացիներին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է անհրաժեշտ թմրանյութից կախվածությունից լիովին բուժվելու համար, ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ թմրամոլությունից բուժվելուց հետո մարդու մոտ առաջանում է ալկոհոլից կախվածություն: Քաղաքացիներից մեկը զուգահեռներ անցկացրեց թմրանյութից կախվածության և ծխախոտից կախպվածության միջև: Ա. Դալլաքյանը պատասխանեց քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերին: Ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց խորհրդատվական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Թմրանյութ օգտագործող քաղաքացիներին ցուցաբերվող իրավական աջակցության շրջանակներում Ա. Սաքունցը ուշադրության հրավիրեց այն փաստը, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ, առանց հայտնելու ոստիկանություն բերման ենթարկելու պատճառները, քաղաքացիներին հաճախ հարկադրաբար բժշկական փորձաքննության են ենթարկում, նույնիսկ այն դեպքերում, երբ տվյալ գործը որևէ առնչություն չի ունենում թմրանյութերի հետ: «Եվ քանի որ օրգանիզմում թմրանյութը բավական երկար ժամանակ է պահպանվում, փորձաքննության արդյունքներով հաստատվում է օգտագործման փաստը: Ուստի, չնայած, որ տվյալ պահին քաղաքացին թմրանյութ օգտագործած չի լինում, այնուամենայնիվ պատասխանատվության է ենթարկվում նաև դրա համար: Այս առումով թմրանյութ օգտագործող քաղաքացիները խիստ անպաշտպան են», – նշեց Ա. Սաքունցը՝ կոչ անելով նման դեպքերում անհապաղ ահազանգել գրասենյակ:
Ծրագրի ղեկավարը մտահոգություն հայտնեց նաև, որ քաղաքացիները բավական ուշ են դիմում կազմակերպություն, երբ նրանք արդեն ենթարկված են լինում բժշկական փորձաքննության կամ քրեական գործ է հարուցված լինում:
Հեռուստահաղորդման ընթացքում դիագրամների տեսքով ներկայացվեցին նաև հասարակական հարցման արդյունքները: Հիշեցնենք, որ այդ հարցումների նպատակն էր պարզել հասարակության վերաբերմունքը թմրանյութ օգտագործող քաղաքացիների նկատմամբ և նրանց իրազեկման մակարդակը տվյալ խոցելի խմբի խնդիրների վերաբերյալ:
Հետագայում նախատեսվում է հանրությանը ներկայացնել նաև թմրանյութ օգտագործող քաղաքացիների և նրանց ընտանիքների շրջանում կատարված հարցումների արդյունքները՝ իրենց իսկ խնդիրների վերաբերյալ:
Լիլիթ Զարգարյան