Թմրանյութ օգտագործող քաղաքացիների իրավական խնդիրները
00:00, January 21, 2008 | Թմրամիջոցներ գործածողներ«Լոռի TV» հեռուստաեթերում 2008թ-ի հունվարի 19-ին քննարկվեցին թմրանյութ օգտագործող քաղաքացիների իրավական խնդիրները: Հաղորդման կազմակերպիչը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էր, որն իրականցնում է «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակներում սա երրորդ հեռուստահաղորդումն էր, որի հյուրը «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի իրավախորհրդատու, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանն էր:
Կ. Թումանյանի կողմից տրամադրվեց տեղեկատվություն թմրանյութի օգտագործման, պահման, իրացման և տարածման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ:
Խոսվեց նաև թմրամիջոցները կամովին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին. «Օրենսդիրը նախատեսում է, որ թմրամիջոցները կամովին հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված 2007թ-ին Լոռու մարզային ոստիկանության պաշտոնական գրությամբ պարզվել է, որ 2007թ-ին թմրանյութի կամովին հանձնման որևէ դեպք չի գրանցվել:
Սա բացատրվում է նրանով, որ մեխանիզմները դեռևս հստակեցված չեն և քաղաքացին չգիտի, թե դա ինչպես է արվում, նա կարող է թմրանյութը ձեռքին մոտենալ ոստիկանության աշխատակցին և թմրանյութի պահման կասկածանքով քրեական հետապնդման ենթարկվել: Մյուս կողմից էլ ցանկացած քաղաքացի, ում մոտ հայտնաբերվում է թմրանյութ, կարող է ասել, որ պատրաստվում էր այն կամովին հանձնել»:
Հեռուստաեթերի ընթացքում Կ. Թումանյանը պատասխանեց նաև ուղիղ հեռախոսակապի միջոցով քաղաքացիների կողմից ուղղված հարցերին: Քաղաքացիներին մասնավորապես հետաքրքրում էր, թե կարո՞ղ են արդյոք հրաժարվել փորձանմուշ տալուց և ի՞նչ է նախատեսում օրենքն այդ մասով:
Ծրագրի իրավախորհրդատուն ներկայացրեց քաղաքացուց փորձանմուշներ վերցնելու կարգը, հատկապես նշեց այն, որ եթե քաղաքացին չի ցանկանում տալ փորձանմուշ, նրան չեն կարող ստիպելով, բռնություն կիրառելով վերցնել այդ նմուշները: Կ. Թումանյանը ներկայացրեց նաև կասկածյալի իրավունքները նախաքննության ընթացքում և մեղադրյալի իրավունքները ՝ դատաքննության ընթացքում:
Այն հարցին, թե քաջատեղյակ լինելով օրենսդրական դաշտին, օրենքում ինչպիսի՞ փոփոխություն կառաջարկեիք, ծրագրի իրավախորհրդատուն պատասխանեց. «Այս ծրագրի հիմնական նպատակներից մեկը ՝ թմրանյութի օգտագործման ապաքրեականացումն է: Ես նույնպես գտնում եմ , որ թմրանյութի օգտագործումը որպես այդպիսին պետք է դիտվի ավելի շատ որպես առողջապահական, բժշկական խնդիր: Մարդը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության միայն նրա համար, որ նա չի գիտակցում իր արարքի հետևանքները: Սա կախվածություն է, հետևաբար պետք է դիտել որպես հիվանդություն, որի համար անհրաժեշտ է բժշկական լուրջ միջամտություն: Մեր օրենքը մի կողմից անձին ուղարկում է հարկադիր բուժման, իսկ որոշ դեպքերում էլ ենթարկում է քրեական պատասխանատվության: Ո՞րն է սրանց սահմանը: Ինչու՞ պետք է թմրանյութ օգտագործելու մեղադրանքով մի մասը գնա բուժվելու, մյուսներն էլ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրեն: Շատ երկրներում արդեն իսկ գործում է այս համակարգը: Սակայն այստեղ էլ արտահայտում է մտավախություն, թե կնկատվի թմրանյութ օգտագործողների թվի աճ, բայց դա այդպես չէ և կարծում եմ, որ այս դեպքում շատ ավելի կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել թմրանյութերի պահման, իրացման և տարածման համար նախատեսված քրեական պատասխանատվության վրա» :
Վերջում ուշադրության հրավիրվեց այն փաստը, որ մեր օրենսդրական դաշտում դեռ շատ անելիքներ ունենք: Սակայն նախքան որևէ փոփոխության գնալը նախևառաջ պետք է կատարվի տվյալ ոլորտի իրավիճակի ուսումնասիրություն:
Լիլիթ Զարգարյան