Ի՞նչ է կատարվում իրականում մեր բանտերում, արդյոք բռնությունների չեն ենթարկվում մեր կալանավորները…
06:54, September 24, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Կոռուպցիայի կանխարգելում, Քրեակատարողական հիմնարկներԵրեկ համացանցում հայտնված տեսագրությունը, որտեղ ներկայացվում են Վրաստանի Գլդանի բանտում տեղի ունեցած բռնությունները, մեծ աղմուկ է առաջացրել, հատկապես այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ բռնության ենթարկվածներից մեկը ազգությամբ հայ է: Թե ինչպես կարձագանքեն մեր իրավապահ մարմիններն այս ամենին կամ արդյոք կարձագանքնեն և կձեռնարկեն որոշակի քայլեր, ժամանակը ցույց կտա, բայց մի բան փաստ է՝ տեղի ունեցածն ուղղակի անմարդկային է և մարդու իրավունքների խախտում:
Տեսագրության մասին mardik.am-ը զրուցելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ ԱրթուրՍաքունցի հետ՝ տեղեկացավ, որ ասամբլեան արձագանքել է տեղի ունեցածին. «Վրաստանի իրավապահ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու ազգությամբ հայի ինքնությունը և պատժելու մեղավորներին»:
Պրն Սաքունցի խոսքով՝ բռնությունը տեղի չի ունեցել ազգային հողի վրա, քանի որ բռնության ենթարկվել են նաև ազգությամբ վրացի կալանավորներ:
Արդյոք քաղաքական ենթատեքստ չկա տեսագրությունը այս ժամանակահատվածում տարածելու առումով, մի՞թե վրացական իշխանությունները տեղյակ չեն եղել՝ ինչ է կատարվում իրենց քրեակատարողական հիմնարկներում: Իրավապաշտպանի խոսքով՝ դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ ամենը նկարահանվել է 1-2 ամիս առաջ. «Հարցն այն է, որ մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ցավոք, քաղաքական շահարկման թեմա է դառնում: Բայց կարևորն այն է, որ Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական տվեց: Տարբեր համաժողովների ժամանակ վրաց իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնում այն մասին, որ Վրաստանում չկա հասարակական դիտարկման արդյունավետ մեխանիզմ: Այդ իրավունքը տրված է միայն Մարդու իրավունքների պաշտպանին»:
Իսկ թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն մեր իրավապահ մարմինները, պրն Սաքունցի խոսքով՝ նրանք պետք է պարզեն բռնության ենթարկված հայ կալանավորի ինքնությունը՝ արդյոք նա ՀՀ քաղաքացի է, թե ոչ. «Եթե պարզվի, որ դա այդպես է, ապա նրա նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ իրավական համակարգով ամրագրված դրույթները»:
Պրն Սաքունցից mardik.am-ը նաև հետաքրքրվեց՝ իսկ ինչ վիճակ է քրեակատարողական մեր հիմնարկներում: Իրավապաշտպանի խոսքով՝ մեր քրեակատարողական հիմնարկներում կատարվող բռնությունների մասին քիչ տեղեկություն ունենք. «Նման տիպի բռնություն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից վերջին երկու-երեք տարվա ընթացքում ես չեմ հիշում»:
«Իսկ եթե կալանավորների միջև է առաջանում նման խնդի՞ր»,- հետաքրքրվեցինք իրավապաշտպանից, որին ի պատասխան նա ասաց, որ դա իրոք մտահոգիչ է, քանի որ կալանավորների միջև կան ոչ իրավական հարաբերություններ: «Կալանավորների մի խումբ արտոնյալ վիճակում է, որի միջոցով էլ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան կարգավորում է կալանավորների փոխհարաբերությունները և խնդիրները: Դա փոխելու համար քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է կիրառի իրավական մեխանիզմներ»,- մանրամասնեց զրուցակիցս՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկներում, օրինակ, չի գործում ներքին բողոքարկման մեխանիզմը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ քրեկատարողական կառույցներում ավելի շատ գործում է կոռուպցիոն մեխանիզմը. «Գերբնակեցվածության պատճառով միշտ լինում է ռեսուրսների անբավարարվածություն: Այսինքն՝ տեսակցությունների, սննդի, լողանալու հեռախոսային խոսակցությունների դեֆիցիտ, հետևաբար այդ խնդիրները լուծելու համար գործում է դրամական փոխանցումների մեթոդը»: