Իրավապաշտպան ՀԿ-ներն ընդդեմ դատախազության ապօրինի գործողությունների
00:00, November 18, 2011 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԻրավապաշտպան երեք հասարակական կազմակերպությունները պատրաստվում են նոր հաղորդում ներկայացնել քաղաքացի Սարգիս Պողոսյանին մոտ մեկ ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի պահելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու պահանջով:
Այս մասին www.hra.am -ին ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը կալանավորվել է ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանում և 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առանց օրենքով նախատեսված դատարանի որոշման առկայության:
Այս փաստը հայտնաբերել էին քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի դիտորդները և քրեական գործ հարուցելու պահանջով դիմել իրավապահ մարմիններին:
Փաստի առթիվ քրեական գործ չէր հարուցվել, և երեք ՀԿ-ների ղեկավարները դիմել էին դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ դատախազությանը քրեական գործ հարուցել:
Առաջին ատյանի դատարանը մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր երեք ՀԿ-ների բողոքը, որն արդեն ուժի մեջ է մտել: Վճռաբեկ ատյանը վերադարձրել է դատախազության վճռաբեկ բողոքը:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը ապացուցված է համարել, որ Ս.Պողոսյանին ՀՀ գլխավոր դատախազության գրության հիման վրա կալանքի տակ պահելը եղել է անօրինական, քանի որ օրենքով նախատեսված կարգով առկա չի եղել կալանավորման մասին ՀՀ իրավասու դատարանի որոշումը:
Դատարանը դատախազության վրա պարտավորություն է դրել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները, սակայն մինչ օրս դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել:
Նույն գործով իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացրած երկրորդ հաղորդման վերաբերյալ դատախազությունը տվել է նույն պատասխանը, ինչ առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններում:
Դատախազության՝ հոկտեմբերի 5-ով թվագրված պատասխանի մեջ մասնավորապես ասվում է. «Քանի որ հանցավորության դեմ պայքարում պետությունների միջազգային համագործակցությունն իրականացվում է ինչպես կոնվենցիոն հիմքով, այն է՝ հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ընդունված միջազգային-իրավական փաստաթղթերի (կոնվենցիաներ, երկկողմ համաձայնագրեր և այլն) հիման վրա, այնպես էլ ինստիտուցիոնալ միջոցներով, տվյալ դեպքում՝ ՀՀ Դատախազությունը հիմք է ընդունել Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության շրջանակներում Սարգիս Պողոսյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզական քարտի առկայությունը, ինչն էլ հրապարակվել է ԱՄՆ իրավասու դատարանի համապատասխան որոշման պայմաններում»:
ՀԿ-ների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան Ռիչմոնդի շրջանային դատարանի կալանավորման մասին որոշումը չի կարող հիմք հանդիսանալ անձին ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար, քանի որ «ՀՀ քրեական դատավարության օրենքսգրքի» 141 հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր էր անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված անձանց: Իսկ տվյալ դեպքում ՀՀ դատարանի որոշում առկա չի եղել:
Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նելլի Հարությունյանը պատասխանի մեջ գրում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի 30.05.2011թ որոշմամբ՝ ՀՀ դատախազությունը պարտավորեցվում է վերացնել անձի իրավունքների խախտումները, «մինչդեռ այստեղ հստակ չէ, թե որ անձի մասին է խոսքը»:
«Եթե խոսքը Սարգիս Պողոսյանի մասին է, ապա վերջինս դեռևս 2011թ. հունվարի 11-ին դիմում է ներկայացրել այն մասին, որ իր իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարվել, և ոչ մեկին չի լիազորել հանդես գալ իր անունից՝ իր իբր խախտված իրավունքները պաշտպանելու համար»:
Իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարները և նրանց ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը տարբեր առիթներով պարզաբանել են, որ իրենց նպատակը ոչ թե Սարգիս Պողոսյանին պաշտպանելն է, այլ դատարանի միջամտությամբ պետական մարմնի՝ տվյալ դեպքում՝ դատախազության, ակնհայտ սխալ գործողությունները կանխելը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am