Իրենց համակարգում մեկը մյուսի թուլան է
00:00, October 20, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք բանակի խնդիրների շուրջ:
Օրերս ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանը բոլոր նրանց, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում բանակում տեղի ունեցող սպանությունների դեմ,անհայրենիք է անվանել, ևթե ինչպես կարող է ցավալ այն մարդու սիրտը, ով այլ երկրներից է աշխատավարձ ստանում: Դուք ակտիվորեն ներգրավված եք այդ պայքարում: Ինչի՞ հետևանք է պաշտոնյայի նման մտածողությունը և ինչի՞ կարող է դա հանգեցնել:
Եթե ավելի երկար ժամանակահատվածում դիտարկենք իրավապաշտպանների գործունեության վերաբերյալ հատկապես պաշտոնական կամ իշխանության կողմից ղեկավարվող լրատվական միջոցների հրապարակումների բովանդակությանը, կտեսնենք` նման որակումները չկառավարվող կառույցների նկատմամբ մշտապես դիտակվում են կամ որպես հակազգային կառույցներ, կամ որպես հինգերորդ էշելոն, որպես օտարերկյա անվտանգության կառույցների լրտես, կամ գունավոր հեղափոխություն իրականացնողներ: Այսինքն` այս տեսակետից Գասպարյան Վովայի արտահայտությունները նորություն չեն, շաբլոնային հերթակա դրսևորումներից են, և բնավ չեն զարմացրել: Սա կարևոր խնդիրների հետ կապված արդեն բազմիցս օգտագործված տեխնոլոգիաների կիրառումն է: Իսկ նպատակը հասարակության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելն է: Այս ամբողջ խաղը կառուցվում է «Հայլուրի» վրա, որն ամենամեծ լսարան ունեցող լրատվական միջոցն է, և հասարակական կարծիքը կառուցվում է դրա շուրջ: Անկախ լրատվական միջոցները` ինտերենտային, տպագիր և այլն, ցավոք, բավական փոքր լսարան ունեն:
Սա միաժամանակ թուլության նշան է, այսինքն` երբ դու չունես հիմնավորումներ, փաստարկներ բարձրացված խնդիրներին պատասխան տալու, չունես կարողություն այդ խնդիրների լուծումը տեսնելու կամ չես կարողանում այդ խնդիրների լուծման հասարակական պահանջարկը բավարարել, դու դիմում ես ինքնապաշտպանության:
Հնարավո՞ր է` Վովա Գասպարյանն առաջնորդվում է «Բանակի մասին լավ կամ ոչինչ» հայտնի բանաձևով:
«Բանակի մասին լավ կամ ոչինչ» գնահատականը համարում եմ շաբլոնային և ոչ բովանդակային: Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքական իշխանությունն իր ձախողումների, իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցման դիմաց (տարբեր բնագավառներում) որպես արդարացման հիմնական փաստարկ օգտագործում էր բանակը` այ, տեսեք, մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, և այդ կայացած կառույցով կարող ենք աշխարհին հայտ ներկայացնել, այսինքն`բանակը շահարկվում էր քաղաքական նպատակների համար: Հիմա դու կպչում ես իրենց սրբության սրբոցին, այսինքն` դու կոնկրետ փաստերի հիման վրա ցույց ես տալիս, որ իրենց կայացած կառույցը սրբություն չէ: Հիմա այդ կարծրատիպը քանդվում է, և իրենք արդեն որևէ փաստարկ չունեն արդարացնելու սեփական քաղաքական իշխանությունը: Սրանով են պայմանավորված իրենց ջղաձգումները:
Երկրորդ` բանակում կամ Զինված ուժերում խնդիրները բարձրացնում են քաղաքական նպատակ չունեցող հասարակական կառույցները: «Բանակն իրականում» նախաձեռնությունն իրապես քաղաքացիական է և ընդգրկում է մարդկանց, որոնք ունեն տարբեր քաղաքական նախասիրություններ, բայց միավորվել են իրենց պետության համար կենսական նշանակություն ունեցող խնդրի շուրջ: Այսինքն` «բաժանիր, որ տիրես» քաղաքական տեխնոլոգիան այստեղ չի աշխատում: Հիմա փորձում են առանձին, կաբինետային հանդիպումների միջոցով «Բանակն իրականում» նախաձեռնությունը ջլատել և զոհված զինծառայողների ծնողներին համոզել, որ չանեն հրապարակային ակցիաներ, սակայն ապարդյուն: Սա հետևանք է նրանց մշակված (ինչպես պահել իրենց նման իրավիճակներում) մոտեցում չունենալուն: Բայց ամենամեծ պրոբլեմն այն է, որ իրենք չունեն զինված ուժերի խնդիրների լուծման համար որևէ հայեցակարգ, դրա համար խնդիրը բարձրացնողներին էլ են փորձում «խփել»:
Արդեն լուրեր են պտտվում, որ ՊՆ -ում առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ են լինելու: Հնարավո՞ր է պաշտոյանների փոփոխությամբ իրական փոփոխություն ակնկալել:
Վերջին 12-13 տարիների ընթացքում պաշտպանության մի քանի նախարար են փոխվել` Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, գլխավոր շտաբի պետեր, կորպուսի հրամանատարներ են փոխվել, նոր սպայական կազմ է եկել, ռազմական ակադեմիան վերջին 12-13 տարիների ընթացքում անընդհատ թողարկել է կադրեր, և մենք տեսնում ենք` կադրային «թարմացումները» միջին օղակներում որևէ էական ազդեցություն չեն թողել: Բացի այդ, կադրային փոփոխություններն ընդամենը միջոցներ են քաղաքականության իրականացման համար: Զինված ուժերում կա խնդիրների մի ամբողջ շարք, սակայն այդ խնդիրների լուծման վերաբերյալ չկա համալիր կոնցեպցիա:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը արդյոք փորձե՞լ է համագործակցել նրանց հետ նոր հայեցակարգերի մշակման ուղղությամբ:
Վերջերս կլոր սեղան կազմակերպեցինք, որի արդյունքները փորձագիտական մակարդակով ներկայացնելու ենք: Եթե խոսքն ինձ է վերաբերում, ապա մենք, փառք Աստծո, հնարավորություն ենք ունեցել մասնակցելու ներքին կարգապահական կանոնագրքի նախագծի քննարկմանը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Մենք ասել ենք, որ նման ձևով օրինագիծը որևէ կերպ լուծում չի տալու կանոնադրական հարաբերությունների խախտման վիճակը բարելավելու առումով, քանի որ այն շատ կոշտ ուղղաձիգ ենթակայության սկզբունքն է ամրագրում, որտեղ զինծառայողները մեխանիզմ չունեն իրենց խախտված իրավունքի կամ դիմումների և այլ հարցերի արդյունավետ բողոքարկման առումով: Մենք լուրջ խնդիրներ ենք բարձրացրել զորակոչի հետ կապված. պետք է արմատական փոփոխությունների ենթարկվեն, մասնավորապես ամենախոցելի կողմը բժշկական փորձաքննություններ են: Համալիր բժշկական փորձաքննություն չի իրականացվում, որպեսզի որոշվի զորակոչիկի պիտանելիությունը զինվորական ծառայության համար: Ավելին, երբ համեմատում ենք պաշտպանության նախարարի 2006-ի և 2010-ի հրամանները, որոնցով որոշվում է սահմանային հիվանդությունների շարքը, որի հիման վրա քաղաքացին ճանաչվում է պիտանի կամ ոչ պիտանի կամ պիտանի սահմանափակումներով, այս ցանկի փոփոխության մեջ մենք որևէ տրամաբանություն չենք տեսնում, ավելին` հիվանդությունների ցանկի միջից 2010-ին հանվել է հոգեկան առողջական խնդիրներ ունեցողների ցանկը:
Մյուս դոմինանտ խնդիրը զինված ուժերի համալրման պլանային մոտեցումն է, երբ տեսնում ենք` ամեն կերպ ուզում են հասնել գլխաքանակի ապահովմանը, այսինքն` չկա բովանդակային մոտեցման փոփոխություն:
Իսկ փորձե՞լ եք սպայի անսահմանափակ իրավունքների մասին բարձրաձայնել, քանի որ մենք տեսնում ենք՝ հիմնականում տուժողը շարքային զինծառայողն է:
Միանշանակ համաձայն չեմ, որ միայն ժամկետային զինծառայողների խնդիր կա այստեղ: Հստակ կարող եմ ասել, որ կրտսեր սպայական կազմը նույնպես խոցելի է դարձել, այսինքն`համակարգն այնքան է դարձել ոչ արդյունավետ, որ սպառնալիք է սպայական կազմի համար, նրանք նույնպես զոհ են հանդիսանում այդ արատավոր համակարգի, սպաներին էլ են բանտարկում, նրանց իրավունքներն էլ են ոտնահարում: Իհարկե, զինծառայողները շատ ավելի խոցելի են: Մենք հիմա պահանջում ենք ցույց տան մեզ պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց երեխաները ծառայել են բանակում և որտեղ են ծառայել: Սա ինդիկացիա է, ցուցանիշ, որով մենք կարող ենք գնահատել բանակի վիճակը, սակայն զրո լռություն, իսկ եթե չես տալիս, նշանակում է պահելու բան ունես: Բացի այդ, Զինված ուժերում կա չգրված կանոններով արտոնությունների շարք, որով պայմանավորված է` ով ում բարեկամն է, ով ում տղան է:
Սա մի խնդիր է, որտեղ խտրականությունը, խախտումները վերաբերում են թե ժամկետային զինծառայողներին, թե սպաների այն խավին, որոնք չունենք այսպես կոչված «կռիշաներ», այսինքն`«կռիշայի գաղափարը», որը գոյություն ունի ամբողջ պետության մեջ, զինված ուժերում արդյունավետ և շատ դաժան է գործում:
Մյուս խնդիրը կոռուպցիոն հանցագործություններն են, կոնկրետ ովքեր են զինված ուժերին մատակարարում, որոնք են այն կառույցները, որոնք պետական գնումներում շահել են և Զինված ուժերին մատակարարել են սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլն: Իսկ ինչո՞ւ պետք է զինամթերքի ձեռք բերման գները գաղտնի լինեն: Եթե գաղտնիք է քանակը ռազամավարության տեսակետից, որ հակառակորդը չիմանա ինչ զինատեսակներ ունես, դու քանակը մի ասա, բայց դու հստակ պետք է ասես` այս ինքնաձիգը շուկայից այս գնով եմ ձեռք բերել: Այսինքն` ռազմական հաշվետվողականության տեսակետից ընդհանրապես զրո է և դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պահանջում: Ենթադրենք, դիպուկահարի հատուկ զենքը, որն ըստ որոշ տվյալների` ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել 17 հազար դոլարով, միջազգային շուկայական գներով արժե 3000 դոլար: ՊՆ-ն պետք է հերքի: Այս ինֆորմացիոն չտրամադրելն ավելի է նպաստում, որ կոռուպցիոն հանցագործությունները շարունակվեն: Ջողազի ջրամբարի պոմպերի անհետացումն ակնհայտ ռազմական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում կատարված կոռուպցիոն հանցագործության մասին է վկայում: Եթե սա չի բացահայտվում, իսկ արդյո՞ք կամք կա բացահայտելու մնացած հանցագործությունները:
Ինչո՞ւ է զինվորը զոհվում, Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ եզրահանգման են եկել:
Ինչպես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի վերջին ուղերձում նշում` զինվորը չպետք է գտնվի ստրկական վիճակում, այսինքն` չպետք է նսեմացնել զինվորի արժանապատվությունը: Զինվորը մահանում է, որովհետև անպատժելիություն գոյություն ունի ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, հրապարակավ խախտումները օպերատիվ կերպով չէին բացահայտվում, իսկ եթե բացահայտվում էին, իսկական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:
2007-ի գարնանը այն ժամանակ պաշտպանության նախարարը և ՀՀԿ խորհդի նախագահը այցելեցին Լոռու մարզի լեռնային ուսումնական կենտրոն, այդ ժամանակ նախարարը ասաց, որ եթե հրամանատարը մեկ-երկու զինվոր է տուն ուղարկում և 100 դոլար է ուզում, դա ի՞նչ կոռուպցիա է, շատ ավելի կարևոր խնդիրներ կան: Եվ անպատասխանատվության և անպատժելիության արդյունքն է, որ պաշտպանության փոխնախարարը կարող է իրեն հրապարակավ թույլ տան ասել, պաշտպանության նախարարի գործունեությունը թույլ համարողները թուլա համարվեն: Եթե ժողովրդավարական երկրներում որևէ պաշտոնատար անձ իրեն թույլ տա նման արտահայտություն, դա կլինի իր կարիերայի վերջ:
Մեզ մոտ օրինաչափ է դարձել պաշտոնյայից լսել համբալներ, դեբիլ են արա սրանք, հիմա էլ թուլա…
Թուլայի, համբալի հոգեբանությունը ընդհանրապես պետական ապարատում հարաբերությունների մեջ արժեքային նշանակություն ունի, որովհետև մեկը ինչ-որ մեկի համբալն է, մեկը ինչ-որ մեկի թուլան է, և ինքն էլ իր հերթին իր թուլաները և համբալներն է պահում: Արժեքային համակարգը դուրս է հորդում նման ձևակերպումերով: Եվ երբ այս խոհանոցային արժեհամակարգը հասարակական ճնշման ազդեցության տակ հրապարակայանացվում է, ապացուցում է, որ այս համակարգի հետ որևէ հույս կապել, որ իրավիճակը կփոխվի, ուղղակի անմտություն է: Մենք հարց ենք բարձրացրել գերագույն գլխավոր հրամանատարի առջև` որևէ կերպ արձագանքեք զինված ուժերում մահածության դեպքերին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եվ եթե նա լռում է մեր պահանջների առումով, բայց պարտավոր է չլռել նման արտահայտությունների հետ կապված, լռությունը ուղղակի նշանակում է հովանավորություն նման վարվելակերպի: Այսինքն` մենք ամենաբարձր մակարդակով ունենք գոյություն ունեցող իրավիճակի հովանավորություն: