Ծաղրանկարներ
00:00, February 1, 2007 | Մամլո հաղորդագրություններՀունվարի 31-ին Երևանում կայացավ «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի ծաղրանկարիչ Արտակ Օհանյանի «Ծաղրանկարներ» գրքի շնորհանդեսը:
Գրքում տեղ են գտել Արտակ Օհանյանի կողմից արված ծաղրանկարները: Դրանք վերաբերում են անցած 4 տարիների ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակին, ընտրական գործընթացներին, դատական համակարգին, ոստիկանությանը, բանակին, լրատվամիջոցների ազատությանը: Ինչպես նշեց Արտակ Օհանյանը գրքում տեղ գտած ծաղրանկարներում քննադատվում է ոչ թե անձը, այլ անձի կատարած արարքը:
«Ծաղրանկարչությունը նման է պարանի վրայով քայլելուն, մի փոքր աջ, մի փոքր ձախ և կընկնես վայր», – շնորհանդեսի ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը:
Երգիծանկարիչ Պավել Ջանգիրովի կարծիքով Արտակ Օհանյանի ծաղրանկարները համապատասխանում են բոլոր կանոններին:
«Մենք դեմ չենք լինի, որ ասոցիացիան նոր անդամ ունենա, ի դեմս Արտակ Օհանյանի»,- ավելացրեց նա:
«Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի առաջին համարը լույս է տեսել 2002թ-ի մարտի 21-ին: Շաբաթաթերթը նախաձեռնվեց Վանաձորում մարդու իրավունքների բնագավառում լրատվական դաշտը լրացնելու նպատակով:
«Այդ ժամանակ էր, որ միտք հղացավ ունենալ թերթի նկարիչ, որը ծաղրանկարների միջոցով կարտահայտեր իրավիճակը, խնդիրների բուն էությունը: Խոսուն պատկերները երբերմն ավելի շատ բան են պատմում: Ընկերներիցս մեկը ծանոթացրեց Արտակ Օհանյանի հետ: Այդտեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը»,- ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ծաղրանկարներ» գիրքը տպագրվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի /IKV Նիդեռլանդներ/ և «Համագործակցության Զարգացման Միջեկեղեցական Կազմակերպության» /ICCO Նիդեռլանդներ/ ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
էլ փոստ: hcav@hcav.am
հեռ: 0322 42268