Կալանք դատախազի գրությամբ
00:00, December 24, 2010 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ2010 թվականի սեպտեմբերի 2-ին հասարակական դիտորդների խմբի անդամներն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ տեղում պարզել, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 28 օր շարունակ պահվել է այստեղ առանց օրենքով նախատեսված հիմքերի` ընդամենը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումի հիման վրա:
Սարգիս Պողոսյանը մեղադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանկային խարդախություն կատարելուն օժանդակելու մեջ: Ըստ ՀՀ օրենսդրության` անձին կարելի է կալանավորել բացառապես դատարանի որոշմամբ, ինչը անտեսվել է: Դիտորդական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով կատարված հանցագործության մասին եւ խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Նրանց դիմումին պատասխանել է ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի պաշտոնակատար Եղիազար Ավագյանը: Չբավարարվելով այս պատասխանով` դիմումատուները 2010 թվականի հոկտեմբերի 19-ին «Հանցագործության` անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու և ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու մասին» հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգի ընթացք տալ ներկայացված հաղորդմանը և տեղեկացնել ընդունված որոշման մասին: Սակայն դատախազությունը որպես պատասխան copy/paste է արել (արտատպել է) իր նախկին պատասխանն ու ուղարկել դիմումատուներին:
«Նշված գրության բովանդակությունը, ոչ մի կապ չունի դիմումատուների կողմից տրված հաղորդման հիմնավորումների և պատճառաբանությունների հետ»,- վստահեցնում են դիտորդական խմբի անդամները:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`խնդրելով ՀՀ Գլխավոր դատախազին պարտավորեցնել դիմումատուների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում հարուցելու իր տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ, քանի որ Սարգիս Պողոսյանը 28 օր անազատության մեջ է գտնվել հենց գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով:
«Փաստորեն ՀՀ Գլխավոր դատախազն իր անգործությամբ ոչ միայն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հանցագործության մասին տրվող հաղորդումներին ընթացք տալու ընթացակարգը, այլև իր նման դիրքորոշմամբ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տրված հաղորդումներին»,- իրենց հայցադիմումում նշել են դիտորդները:
Երեկ տեղի ունեցած առաջին դատական նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Նելլի Հարությունյանն ու Եղիազար Ավագյանը փորձում էին հիմնավորել, որ Սարգիս Պողոսյանի կալանավորումը օրենքի շրջանակներում է կատարվել: Նելլի Հարությունյանն ընդգծում էր ԱՄՆ-ի հետ համագործակցելու կարեւորությունը.
«Մենք ունենք Ամերիկայի գլխավոր դատախազի շնորհակալական բազմաթիվ նամակներ` քաղաքացիների համատեղ հետախուզումն իրականացնելու համար»: «Սարգիս Պողոսյանը հետախուզվել է ԱՄՆ իրավապահ մամինների կողմից, դրա համար տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, մինչեւ որ նրա վերաբերյալ կստացվի հանձման միջնորդություն կամ քրեական գործը»,- ասաց Եզիազար Ավագյանը:
ՀՀ դատախազությունը որոշել է չհանձնել Սարգսին, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, նրա գործը պետք է քննվի Հայաստանում: Այժմ Սարգիսը ազատության մեջ է, դատախազությունը սպասում է, որ ԱՄՆ-ից ուղարկեն նրա դեմ հարուցված քրեական գործի նյութերը: Դատախազության ներկայացուցիչը որպես Սարգիս Պողոսյանին կալանավորելու հիմք վկայակոչում էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի «զ» կետը, որտեղ նշված է, ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Հայաստանի դեպքում օրենքը սահմանում է, որ անձին կարելի է ձերբակալել միայն դատարանի որոշման հիման վրա: Իսկ «զ» կետն էլ սահմնանում է, որ անձին կարելի է ազատազրկել նաեւ այն դեպքում, երբ նրա դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան երկրից արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
Բայց նույնիսկ այս դեպքում Կոնվենցիան սահմանում է, որ անձի կալանավորումը պետք է լինի օրինական, այսինքն` կրկին ոչ այլ կերպ, քան դատարանի որոշման հիման վրա:
«Ամբողջ դատական նիստի ընթացքում ես որեւէ հոդաբաշխ պատճառաբանություն չլսեցի դատախազության ներկայացուցիչների կողմից»,- ասաց հայցվորների ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
Դատական նիստի ընթացքից ևս պարզ չէր, թե ի վերջո որ օրենքն է իրավունք տվել դատախազի տեղակալի գրության հիման վրա անձին ձերբակալելու:
«Միջազգային պայմանագրերը գերակա ուժ ունեն մեր ներպետական օրենքների նկատմամբ: Այդ կոնվենցիաները պետությանը չեն պարտավորեցնում անվերապահորեն կալանավորել անձին, բայց հստակ նշվում է, որ նա կարող է կալանքի տակ պահվել, պետությունն ինքն է որոշում»,- ասաց դատախազության գլխավոր միջազգայնագետ Նելլի Հարությունյանը: Դրան հաջորդած հարց ու պատասխանը ներկայացնում ենք առանց միջամտությունների.
Եթե Կոնվենցիան պետությանն է թողնում կալանքի վերցնելու որոշումը, դա նշանակում է, որ պետությունը պետք է առաջնորդվի իր օրենքներով, այդպես չէ՞:
Պետությունը ինքն է երաշխավորում` անձը կալանքի տակ մնա մինչեւ գործի ստացումը, թե կարող է ազատության մեջ լինել:
Իսկ ըստ ինչի՞ է որոշում:
Ըստ գործի հանգամանքների, անձը բնութագրող հատկանիշների:
Բայց յուրաքանչյուր գործ իր հանգամանքներն ունի, իսկ օրենքը մեկն է: Ասեք, թե ո՞ր օրենքով եք առաջնորդվել:
Այո, օրենքը մեկն է, իսկ գործերը տարբեր են: Պետությունն ինքն է այդ հանգամանքները համադրելով որոշում` անձին կալանավորել, թե ոչ:
Որքան էլ փորձեցինք, Նելլի Հարությունյանն այդպես էլ Սարգիս Պողոսյանին կալանավորելու համար հիմք հանդիսացած կոնկերտ օրենք չվկայակոչեց: ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանն այդպես էլ չընդունեց, որ եթե ՀՀ օրենսդրությամբ հստակ նախատեսված է անձին կալանքի վերցնելու եղանակը եւ միջազգային պայմանագրերով, այլ պարտավորություն մեր երկիրը չի ստանձնել, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն իրավունք չուներ իր որոշմամբ անձին կալանքի վերցնել, ոչ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն իրավունք ուներ Սարգիս Պողոսյանին շուրջ մեկ ամիս պահել անազատության մեջ:
Հայցվորների ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ այս հայցադիմումը եւ դրա վերաբերյալ դատարանի որոշումը նախադեպային կարող են լինել հետագա դեպքերի համար.
«Իրավապաշտպան կազմակերպությունների դիմումի նպատակը հետագայում նման ապօրինությունները կանխելն է, եւ եթե դատարանը չբավարարի մեր հայցապահանջը, սա հնարավորություն է տալու, որ դատախազների գրությունների հիման վրա մարդկանց ապօրինաբար ձերբակալեն»,- վտսահ է փաստաբանը:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2011 թվականի հունվարի 11-ին, ժամը 10:00-ին:
ՍՊԱՐՏԱԿ ԳՐԻՇՅԱՆ
Հ.Գ. – Կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանը նախկինում 4 տարի աշխատել է Գլխավոր դատախազությունում, այսինքն` ենթարկվել է Աղվան Հովսեփյանին: Այժմ ստացվում է, որ դատավորը, բավարերելով հայցվորների դիմումը, որոշում է կայացնելու իր նախկին «շեֆի» դեմ:
«Սա հիմք էր, որպեսզի մենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեինք, բայց չարեցինք` թողնելով, որ հենց նա քննի գործը»,- ասում է փաստաբան Մարուքյանը: